Շվեյցարիան կարող է հունիսի 16-17-ին համաշխարհային համաժողով անցկացնել ուկրաինական «խաղաղության բանաձևի» վերաբերյալ, որին դեմ է Ռուսաստանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Դեռ պարզ չէ, թե այս միջոցառմանն ինչ ձևաչափով են մասնակցելու մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ակնկալվում է, որ համաժողովին կարող են մասնակցել 80-100 երկրի պատվիրակություններ։ Գործակալությունը նշում է, որ այս պահին դեռ պարզ չէ, թե արդյոք Չինաստանը կմասնակցի հանդիպմանը։

Օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները 2022 թվականի փետրվարի դրությամբ գոյություն ունեցած սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «երազելը վնաս չէ»։ 

Լավրովը լրագրողներին ասել է, որ օտարերկրյա պետությունների դեսպանների հետ քննարկել է Զելենսկու «խաղաղության բանաձևի» գաղափարին ավելի շատ երկրների ներգրավելու ծրագրերը։

«Զելենսկու բանաձևը քաջ հայտնի է, այն հրապարակվել է, դա վերջնագիր է, որը Ռուսաստանից պահանջում է հանձնվել, կապիտուլյացիայի գնալ, վերադառնալ 1991 թվականի սահմաններին: Ճիշտ է, պարոն Զելենսկին վերջերս «բարեհամբույր» կերպով ասաց, որ կարող ենք սկսել 2022 թվականի փետրվարին եղած սահմանից։ Դե, երազելը վնաս չէ», - ասել էր Լավրովը:

Նրա խոսքով՝ այս վերջնագիրը հետագայում պահանջում է «դատել Ռուսաստանի ղեկավարությանը, ստիպել Ռուսաստանի ղեկավարությանը փոխհատուցում վճարել և սահմանափակել Ռուսաստանի ղեկավարության կարողությունը պաշտպանելու իր տարածքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել