ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բրյուսելյան հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները, կայանալու է Երևանի ժամանակով 14:00-ին. այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության կայքից:

Նախօրեին  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ։

«Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են։ Տնտեսական այն առումով, որ մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաների և շուկաների և Եվրամիության տարածքում, ինչպես նաև ԱՄՆ շուկայում։  Մեր նպատակն է, որպեսզի այս իրադարձության շրջանակներում կարողանանք այդ օրակարգերը առաջ մղենք։

Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և Եվրամիության հետ և ԱՄՆ-ի հետ, բայց սա շարունակական պրոցես է և ես ասեմ, որ և մենք և ԵՄ-ն, ու ԱՄՆ-ն աշխատանքներ ունենք անելու այս հարաբերությունների համար։

Քննարկվելու է հիմնականում տնտեսական հարցեր, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանվածներին օգնելու հարցեր», -ասել էր նա։

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել