Տավուշում սպասվող դրամատիկ զարգացումների ֆոնին լուռ է Երկրապահ կամավորականների միությունը։ 4 գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությունից հետո ԵԿՄ-ն՝ որպես հավաքական միավոր, որեւէ դիրքորոշում չի հայտնել։ Միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կարծես ընդհատակ է անցել։ Երեկ ամբողջ օրվա ընթացքում նրա հեռախոսն անհասանելի էր։ Նույն պատճառով չկարողացանք կապվել նաեւ ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանի հետ, իսկ այն ԵԿՄ-ականները, որոնք պատասխանեցին «Հրապարակ»-ի զանգերին, քչախոս էին, ակնհայտորեն խուսափում էին քաղաքական իշխանության թեզերին հակադրվել ու հստակ դիրքորոշում հայտնել այս ծանր հարցի շուրջ։

ԵԿՄ-ական, «Հանրապետություն» կուսակցության ցուցակով ավագանի դարձած, ապա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակված Ռոմիկ Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք 4 գյուղերի հանձնումը Հայաստանի հյուսիսը հարավի նման խոցելի չի դարձնելու։ «Մեր սահմանները վաղուց են խոցելի»,- ասաց նա ու հավելեց, որ եթե ինչպես ներկայացվում է, սահմանազատում ու սահմանագծում իրականացվեն, այդ զիջումը կարելի է անել, քանի որ «կոնկրետ էդ տարածքները մեր սահմաններից դուրս են»։ 

«Խոսքը գնում է նրա մասին, որ դա դառնալու է սահման, ոչ թե կրակակետ»,- նշեց Ռոմիկ Մխիթարյանը։ Հարցին, թե արդյոք կա՞ վստահություն, որ անգամ այդ դեպքում Ադրբեջանը նշված տարածքը կրակակետ չի դարձնի, նա պատասխանեց․ «Ես Ադրբեջանին ընդհանրապես չեմ վստահում, վստահում եմ մեր իշխանությանը։ Էդ ամենը կախված է մեր արտաքին քաղաքականությունից»։ Նաեւ հավաստիացրեց՝ որպես ԵԿՄ-ական, պատրաստ է ցանկացած պահի գնալ, սահման պահել։

ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը «Հրապարակ»-ին ասաց․  «Էդ քաղաքական հարց է, ինձ մի ուղղեք, մենք մեր առաքելությունը կատարում ենք, մեծ ճակատ ենք պահում։ Հանձնելու դեպքում, իհարկե, անվտանգությունը խախտվում է, բայց չեմ կարծում, որ կհանձնեն, էդ բանին եմ հակված, որ չեն հանձնելու»։ 
Դիտարկմանը, թե Ոսկեպարում Փաշինյանն ասել էր, որ մեկ շաբաթից պատերազմ կլինի, եթե 4 գյուղերը չհանձնեն Ադրբեջանին, Յուրա Ալեքսանյանն արձագանքեց․ «Քաղաքականության հետ կապված հայտարարությունը մի բան է, տալը` մի բան։ Բոլոր դեպքերում, ես տալու կողմնակից չեմ, տվածը հլը կուլ տանք․․․ Տավուշում էլ են մեր ընկերները զոհվել, ես էլ եմ մասնակից եղել, ես դեմ եմ հանձնելուն»։

Արթիկի գործող ՔՊ-ական համայնքապետ եւ ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահ Անանիկ Ոսկանյանն էլ, մեր հարցը լսելով, ասաց, թե խորհրդակցության է, իսկ ավելի ուշ չպատասխանեց զանգերին։ Նա, հիշեցնենք, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, ով իշխանափոխությունից հետո համալրեց ՔՊ շարքերն  ու ՔՊ ցուցակով դարձավ Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարը։

Նկատենք, որ ԵԿՄ կայքում վերջին հրապարակումը մարտի 14-ին է եղել` ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ծննդյան տարեդարձին նվիրված մի ռեպորտաժ, որը պատմում է, թե ինչպես է Սասուն Միքայելյանն ընդունել նրան, պատվոգիր ու ԵԿՄ հուշամեդալ հանձնել, իսկ ԵԿՄ վարչության ֆեյսբուքյան էջի վերջին հրապարակմամբ ԵԿՄ-ն դատապարտում է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը։
Մենք տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանի՝ Տավուշ այցից ու չարագուշակ հայտարարությունից ի վեր կառավարության որեւէ ներկայացուցիչ կապի դուրս չի եկել ոսկեպարցիների հետ։ Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանն ասաց. վիճակը նույնն է, սպասում են, բայց «որեւէ հույս չկա, թե Ադրբեջանն ինչ-որ փոխզիջման կգնա»։

Մարիաննա Ղահրամանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել