168.am-ը գրում է․

Օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, ասաց, որ այս պահին Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։

Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն՝ Արևմուտքում, այլև՝ Ասիայում, Հնդկաստանում և տարբեր ուղղություններով՝ և՛ տնտեսական, և՛ անվտանգության առումով։

Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, նա նաև տարածաշրջանացման քաղաքականություն է վարում, լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցի բոլորի հետ, հարաբերություններ կառուցի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, և սա է մեր օրակարգը։ Ամեն ինչ հստակ է»,- ասել էր ԱԽ քարտուղարը։

Այս ամենին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները դժգոհում են, որ Ադրբեջանի հետ վերջին շրջանում բանակցությունների ընթացքում որևէ էական առաջընթաց չեն գրանցել։ Ավելին՝ փոխվարչապետի գրասենյակն օրերս լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել էր, որ Ադրբեջանը մտադրություն չունի զորքերը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից։

Այս պայմաններում Հայաստանն ինչպե՞ս է պատրաստվում հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասաց, որ իրավիճակը ոչ թե բարդ է, այլ շատ բարդ է։

«Այս ամենը գալիս է մեկ կետից, երբ Հայաստանը չունի համարժեք ներուժ  զուտ դաշնակիցներ ունենալու առումով։ Ներուժը կարող է տարբեր լինել՝ բուն Հայաստանի տնտեսական, ռազմական, դիվանագիտական ներուժը, իհարկե, անհամեմատելի է Թուրքիայի ու Ադրբեջանի ունեցած ներուժի հետ։

Ինչ վերաբերում է հայկական սփյուռքի ներուժին, ապա այն օրվա իշխանությունների ձեռամբ ոչնչացվեց, եղած ռեսուրսները փոշիացվեցին՝ հասկացանք, որ այն մեծ հեքիաթ է։ Նախորդ տարի տեսանք, թե ինչպիսի համաժողով տեղի ունեցավ, ՀՀ իշխանությունը որևէ խնդիր չդրեց, թե հայկական սփյուռքն ինչպիսի տնտեսական, քաղաքական ու քարոզչական քայլեր պետք է իրականացնի։ Փաստացի այդ ամենը դրեց մի մարդու գրասենյակի ձևաչափի մեջ, որը չգիտենք, թե ինչով է զբաղվում։ Հիմա էլ հայտարարել է, թե սեպտեմբերին ազգափրկիչ մեծ համաժողով է անելու»,- շեշտեց Հայկ Դեմոյանը։

Մեր զրուցակցի բնորոշմամբ, այսօր Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են մաքսիմալը ստանալ Հայաստանից, իսկ Հայաստանն էլ փորձում է նոր դաշնակիցներ փնտրել ու հրաժարվել հին դաշնակիցներից։

«Երբ մենք ասում ենք ՀԱՊԿ՝ հասկանում ենք Ռուսաստան, որովհետև այն ՌԴ-ի շուրջ ստեղծված անվտանգային կառույց է։ Հիմա Ռուսաստանն ունի անվտանգային խնդիրներ, պատերազմ է սկսել Ուկրաինայում, դաժան պատերազմ է, և Ռուսաստանը հետապնդում է իր շահերը։ Ստացվում է այնպես, որ Հայաստանը ենթարկվում է սպառման՝ այդ շահերը սպասարկելու համար Հարավային Կովկասում։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ շահերը սպառվում են՝ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունները պահելուն, դա է ռուսական տրամաբանությունը։ Ռուսաստանն այսօր Հայաստանին սպառում է, չգիտեմ, գուցե ասել է՝ «տղերք, դիմացեք, հետո լավ կլինի», իսկ Հայաստանում չեն համբերել»,- հավելեց Հայկ Դեմոյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հայկական կողմի հայտարարությունները հասցեական չեն՝ սկսած խաղաղության պայմանագիր կոչվածից, որից խոսում է  միայն հայկական կողմը։

«Առհասարակ խաղաղությունից մշտապես խոսում է պարտվող կողմը, իսկ անընդհատ խաղաղությունից խոսելը թուլության դրսևորման նշան է, ինչից մշտապես օգտվում է Ադրբեջանը և կշարունակվի օգտվել այնքան, քանի դեռ հայ ազգն իր համար խնդիր չի ձևակերպել։

Հիմա մի բան կասեմ, թող ասեն՝ անլուրջ է, բայց այս ամենն ունի մեկ լուծում, որին մենք պետք է գնանք՝ առանց ներկայիս իշխանությունների իհարկե։ Սա գոյութենաբանական խնդիր է, այս խնդիրը պետք է դրվի աշխարհազորի, բանակի և առհասարակ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին։ Կրկնում եմ՝ մենք այսօր ունենք գոյութենաբանական խնդիր՝ ադրբեջանական պետությունը չեզոքացնելու։ Թող ինձ չասեն՝ ինչպե՞ս, խնդիրը պետք է դրվի ու դրա համար օգտագործվի պետության բոլոր ռեսուրսները։ Ադրբեջանում դիկտատուրա է, այնտեղ կան շատ դժգոհ մարդիկ, սրա վրա պետք է աշխատել, անել այնպես, որ Ադրբեջանի ներսում մշտապես ցնցումներ լինեն։ Եթե մենք չկարողանանք որևէ բան անել, ապա մշտապես դառնալու ենք զոհ, մշտապես»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել