Մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցում, թե արցախցիները փոքրաթիվ ուժերով, առանց մատակարարումների ու օգնության, ինչպես են մեծածավալ ադրբեջանական ուժերին նման ծանր հարվածներ ու կորուստներ հասցրել:
Ու սա այն դեպքում, որ մարտական գործողություններից 10 օր առաջ, ինչպես ողջ Արցախում, այնպես էլ բանակում, սննդի և բոլոր կարգի մատակարարումների սուր խնդիր էր առաջացել` ռեզերվը ճեղքվածք էր տվել:
Փախչող դիրքեր չեն եղել: Եղել են դիրքեր որտեղ ծանր հարվածներից ու ճեղքումից հետո մերոնք մարտը շարունակել են երկրորդ խրամատից կամ զինամթերքի վերջանալուց հետո տեղափոխվել են հարևան դիրքեր ու այնտեղից մարտը շարունակել:
Դիրքեր կան, որ ողջ անձնակազմը զոհվել է` առանց նահանջի, դիրքեր կան, որ նրանց ուղղությամբ ինտենսիվ հրետակոծություն և բազմաթիվ գրոհներ են եղել, դիրքի ողջ անձնակազմը վիրավորվել է, բայց զոհ չի տվել:
Ցավոք ուժերը խիստ անհամաչափ էին, իսկ Արցախն արդեն 9 ամիս խորը շրջափակման մեջ:
Պաշտպանության բանակը որքան էլ կազմաքանդեն, մեկ է` դեռ 3 տասնամյակ առաջ, նրա կազմավորման հիմքում դրված գաղափարը, բովանդակությունն ու ուժը չի կորելու:
Դրանք կրելու են մեզ հետ տեղին ունեցածի հետ չհամակերպվող ու չհանձնող մարդիկ ու առաջ մղելու այնքան ժամանակ, մինչև այն ևս մեկ անգամ ինստիտուցիոնալացնելու հնարավորություն ստեղծվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել