1. ԳՐԻՆՈՖԻԼԻԱ (green - կանաչ): Այս հիվանդության կրողները առանձնահատուկ հակում ունեն դեպի կանաչ գույնը: Բայց բուսականի փոխարեն գերադասում են բացառապես թղթի վրա դաջված կանաչը` ամերիկյան տարբերակով: Նրանց սերն առ «թղթականաչն» այնքան մեծ է, որ պատրաստ է էրոզիայի ենթարկել ամեն արժեք, օրենք և համակեցության ընդունելի սկզբունք: 
2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵԿՐՈՖԻԼԻԱ - Այս հիվանդության կրողներն, ի տարբերություն դասական նեկրոֆիլների, աչքի են ընկնում քաղաքական դիակների հետ հարաբերվելու առանձնահատուկ հակմամբ: Այսօրինակ հիվանդների համար կարևոր չէ քաղաքական դիակի «անդրշիրիմյան ստաժը»: Նրանք մեծապես կարևորում են իրենց պաշտելիից արտաբերված քաղաքական «գարշահոտը»:
3. ԴԵՄՈՖԻԼԻԱ (demos - ժողովուրդ): Մեզանում ամենից տարածված հիվանդություններից է: Այս հիվանդության կրողները աչքի են ընկնում ժողովրդի հանդեպ ռոմեո-ջուլիետական սերը հիշեցնող դրսևորումներով, սակայն այն տարբերությամբ, որ հանուն սիրելիի պատրաստ են զոհողությունների գնալ միայն և միայն վերբալ մակարդակում: Այս հիվանդության դեպքում ախտահարվում է հիվանդների լեզուն, ինչի հետևանքով նրանց խոսքը երբեմն դառնում է իմաստալից, սակայն մնում է «գործազուրկ»: Հիվանդությունը մեծ տարածում ունի քաղաքական գործիչների մոտ: Գերտերությունների ղեկավարների մոտ այն կարող է արտահայտվել նաև այլ ժողովուրդների հանդեպ սիրո տարբերակով (օր. Օբամա -սիրիացիներ):
4. ԵՐԿԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՅԱՆՈՒՍԻԶՄ (առասպելական երկդեմ Յանուսի օրինակով) - Այս հիվանդությունը ևս մեծ տարածում ունի քաղաքական գործիչների մոտ: Իշխանական և ընդդիմադիր երկդեմներն իրենց մի դեմքով ուղղված են դեպի ժողովուրդը և աչքի են ընկնում սիրադրոշմ հայացքով, իսկ մյուս դեմքով շրջված են ժողովրդից: Վերջին դեմքը իշխանական երկդեմների պարագայում առավելապես ուղղված է լինում դեպի «կապիտալի շուկա», իսկ ընդդիմադիր երկդեմների մոտ` դեպի իշխանական աթոռ: Երկդեմների իրական դեմքը դեմքի երկրորդ տեսակն է: Երկդիմությունը կարող է արտահայտվել նաև սովորական մահկանացուների մոտ, սակայն քաղաքական երկդիմությունն առավել վտանգավոր է և դժվար բուժելի: Երկդիմության բուժման գործում կոսմետիկ վիրաբուժությունն անզոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել