Ժամանակակից միջազգային հարաբերությունները պետությունների կողմից երկուստեք կամ բազմակողմանի շփումներում սեփական շահերի պաշտպանության գործընթացն է, որն էլ անվանում ենք արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է միջազգային ասպարեզում։ Հայ իրականության մեջ շատերն են խոսում արտաքին քաղաքականության և աշխարհքաղաքական տարբեր գործընթացների մասին, որոնք դրա վերաբերյալ իրատեսական պատկերացում չունեն։ Քանի որ մենք այսօր ապրում ենք գերբարդ գեոպոլիտիկ գործընթացնրում, թերևս մի քանի դրույթով անդրադառնամ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ուղղություններին։
Նախագահ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված էր չորս հիմնական ուղղությունների վրա՝ լինել պրոակտիվ, ներգրավված, հաստատուն և ապահովել ամուր ներկայություն այնտեղ, որտեղ պահանջում էին հայկական շահերը:
Սարգսյանի նախագահության օրոք Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ էր բացվել, ինչի արդյունքում էր, որ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվեցին երկու արձանագրություններ, որոնք նպատակ ունեին բացել սահմանն ու կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ինչը, ինչպես նշել էի նախորդ գրառումներիցս մեկում, տապալվեց թուրքական ապակառուցողական մոտեցման պատճառով։ Իսկ եթե կարճ․ Թուրքիայի ղեկավարությունն ուղղակի հետ կանգնեց փաստաթղթերի ստորագրման ուղղուց և բարիդրացիական հարաբերություններից՝ առաջ քաշելով որևէ կապ չունեցող նախապայմաններ արձանագրությունների վավերացման և կյանքի կոչման համար։
Թերևս հենց այս դիրքորոշման պատճառով էր, որ 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել, իսկ 2018-ին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ վերահաստատել այն, որ նմանօրինակ ոչ բարեկամական պայմաններում Հայաստանը չունի այլընտրանք, քան այդ փաստաթղթերը պատմության արխիվին հանձնելը»,-՝ ընդգծելով, որ Թուրքիայի ղեկավարության հասունացման պարագայում հայկական կողմը պատրաստ է ապագայում հետամուտ լինել այլ հնարավորությունների:
Կարևոր է արձանագրել, որ կայուն գործընկերության և համբերատար ու սկզբունքային քաղաքականության արդյունքն էր այն, որ Հայաստանը մասնակցում էր թե Եվրասիական տնտեսական միությանը, որի փաստացի համահիմնադիրներից մեկն է հանդիսանում, և 2017 թվականի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:
Շատ առանցքային և ստեղծված բարդ աշխարհաքաղաքական խճանկարում կարևոր է փաստել նաև այն, որ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը անխոնջ շարունակել է ջանքերը՝ ուղղված Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստանի, Արցախ ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմանը: Այսօր, ՀՀ-ում պետականությունը տապալած խմբակը բերանի ծամոն դարձրած՝ ամենօրյա հաճախականությամբ տարբեր թեզեր է պրոյեկտում Սարգսյանի կառավարման տարիների, իրենց բնորոշմամբ, «տապալումների ու ձախողումների մասին», առանձնահատուկ շեշտելով Արցախի հիմնահարցի կարգավորումը, սակայն թեմային տեղյակ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ սա ցինիկ ու անբարո վարքագծի դրսևոււմ է ու դասական դեմագոգիա։
Ըստ էության Նիկոլը հասկանում է, որ ինքն ամբողջովին տապել է իր արտաքին քաղաքականությունը, և ինչքան էլ հոխորտա, թե «Հայաստանը վստահելի գործընկեր է», միանշանակ է, որ նրա ջանքերի «շնորհիվ» մենք միջազգային հարթակում ունենք կզածի կարգավիճակ, էլ չեմ ասում պարտվածի ու ջախջախվածի հոգեբանություն։ Ավելին, իր տապալումների մասին չխոսող և ամեն ինչում մեղավոր «նշանակող» Փաշինյանը անհոգնել բոլոր հարցերում մեղադրում է բոլորին, ամեն մի նոր ձախողում նա կապում է անցյալի հետ և շեշտում, թե «դե լուծող էիք, լուծեիք պրծնեինք»։
Ինչպես հայտնի է ՀՀ իշխանությունները օրերս դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին՝ արտակարգ նիստ անցկացնելու պահանջով․ նշենք, որ թեման Արցախի շրջափակումն է և արցախահայությունը։ Նամակում նշված է, որ «Լեռնային Ղարաբաղը շրջափակված է, և 120 հազար մարդ կանգնած է սովի և լիարժեք հումանիտար աղետի առաջ»։ Նիստը տեղի է ունենալու ժամեր անց։
Թերևս աներկբա է, որ գործ ունենք փաշինյանական կլյաուզնիկական գործելաոճի հերթական դրսևորման հետ, քանի որ ակնհայտ է, որ տեղի ունեցողը զուտ տեսարանային բեմականցում է լինելու։ Սա Նիկոլի բեմադրած «ֆուռերի արշավանքի» դրամայի երկրորդ սերիան է, քանզի տեսարանային ժանգլյորը փորձում է ցույց տալ, թե մտածում է Արցախի ու արցախահայության մասին և սրտացավ վերաբերմունք ունի, այնինչ 8 ամիս ավել պաշարված Արցախում տեղի ունեցողը մերօրյա ցեղասպանության դրևսորում է, իսկ Նիկոլի համար օրակարգային հարցը իշխանության կյանքը երկարացնելու հնարավոր տարբերակների մոգոնումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել