Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեին Ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների հետևողական զարգացումը և պատրաստակամ է առավել ընդլայնել ձևավորված միջպետական քաղաքական երկխոսությունը։

Վստահ եմ, որ Հայաստանի կողմից դիմագրավվող ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում բարձր մակարդակի պարբերական քննարկումներն առավել մեծ կարևորություն են ստանում ինչպես երկկողմ, այնպես էլ գլոբալ հարցերի քննարկման առանցքներում։

Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի Զարգացման ու համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու դրանց շրջանակի ընդլայնումը, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներին տրամադրվող աջակցությունը։

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք հայ-շվեյցարական կապերի խորացմանը՝ օգտագործելով բազմոլորտ համագործակցու­թյան ողջ ներուժը»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել