1. ՔՆՆԱԴԱՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ - Այս հիվանդությամբ տառապողները պատրաստ են քննադատության նյութ դարձնել ամեն բան` բացի իրենց իսկ քննադատությունից: Քննադատապաշտները առավել շահեկան վիճակում են, քան թմրամոլները, քանի որ իրենց ցանկությունը կարող են բավարարել անվճար հիմունքներով կամ պարգևավճարով:
2. ՔՆՆԱԴԱՏԱՖՈԲԻԱ - Այս հիվանդությամբ տառապողները խուսափում կամ վախենում են ամեն տեսակի քննադատությունից: Բացի այդ, ամեն քննադատության մեջ բացառապես հակված են արձանագրելու քննադատողի բանականության մահը և իրենց «մահացած» բանականությամբ քննադատում են դիմացինի քննադատությունը: 
3.ՔՆՆԱԴԱՏԱՉՏԵՍՈՒԹՅՈՒՆ - Այս հիվանդությամբ տառապողներն ամեն տեսակ քննադատության հանդեպ ունեն անտարբերության իմունիտետ (կարծես չեն տեսնում և չեն լսում քննադատությունը), ռացիոնալ փաստարկների հարվածների «ցավը» չեն զգում և, արդյունքում, աստիճանաբար հեռանում եմ HOMO-SAPIENS-ի կարգավիճակից:
4. ՎԵՐԲԱԼ ՊԱՏՐԱՆՔԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ - Այս հիվանդությամբ տառապողները մեզանում բավականին շատ են: Վերբալ պատրանքապաշտները ենթագիտակցական մակարդակում իրենց զգում են քայլող ակադեմիկոսներ կամ գիտնականներ, ովքեր, սակայն, չունեն համապատասխան հավաստագրեր: Պատրաստ են ամեն թեմայով և ամեն հարցի հետ կապված հեղինակավոր տեսակետ արտահայտել, զբաղվել Նոստրադամուսին արժեզրկող կանխատեսումներով: Այս հիվանդության կրողները երբեմն դրսևորում են հարուստ բառապաշար, բայց անբովանդակ միտք: Ծանոթ են բառերին, անծանոթ՝ հասկացություններին:
5.ՆԱՐՑԻՍԻԶՄ - Այս հիվանդությամբ տառապողները սիրահարված են իրենց դիրքորոշումներին ու տեսակետներին այնպես, որ այլոց մոտեցումները գոյության իրավունքից զրկում են: Նմանների համար է ասված, որ սերը դեպի մեկը հանցագործություն է այլոց նկատմամբ: Այսինքն՝ «սիրելով» իրենց բանականության «գոհարները»՝ այսօրինակ հիվանդները մշտապես մերժում են այլոց բանականության պտուղները:
6.ԵՎՐԱՖԻԼԻԱ - Այս հիվանդության կրողները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչներն ապրում են Եվրոյի (նկատի ունեմ թղթադրամը) մոգական հատկությունների և ձգողականության «օրենքով»: Պատրաստ են ամեն բանի վրայով ցատկել՝ հանուն ցանկալիին հասնելու: Երկրորդ խմբին պատկանում են «ոգեղեն» հիվանդները: Վերջիններս անմնացորդ սիրահարված են եվրոպական արժեհամակարգին (մերժելով ցանկացած այլ արժեհամակարգ)` մոռանալով, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպական Միության արժեքները այսօր շատ առումներով անհամապատասխանության մեջ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել