Հասկացանք, որ շատերը հիմնավոր կերպով բացասական վերաբերմունք ունեն Ռուսաստանի իշխանությունների քաղաքական գործելաոճի, դաշնակիցների հանդեպ ունեցած ոչ հարգալից վերաբերմունքի հանդեպ: Հասկանում ենք նաև այն, որ շատերն էլ, Եվրոպան ասոցացնելով աստվածաշնչյան «Սոդոմի ու Գոմորի» հետ, հակված են այրել այլասերության օջախի հետ կապող բոլոր կամուրջները: Բայց մի բան մնում է անհասկանալի. ինչո՞ւ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ Մաքսային միությանը միանալու հարցը մարդիկ հակված են քննարկելու առավելապես Ռուսաստանի կամ Եվրոպայի հանդեպ իրենց ունեցած անձնական վերաբերմունքի դիրքերից: 

ՀՀ համար Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ Մաքսային միությանը միանալու դրական և բացասական կողմերի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐը ՊԱՀԱՆՋԵԼՈՒ փոխարեն` մարդիկ շտապում են ևս մեկ անգամ բարձրաձայնելու իրենց վերաբերմունքը Եվրոպայի կամ Ռուսաստանի հանդեպ:

Այս առումով փոքրիկ զուգահեռը կարծես տեղին կլինի. մեկը կարող է սիրել կամ չսիրել իր դասախոսին կամ ուսուցչին, քանզի գիտի նրանց բացասական կողմերի մասին, բայց ընտրություն կատարելիս պետք է հիմք ընդունի ոչ թե նրանց բացասական կողմերը, այլ մասնագիտական որակները, օգտակար գիտելիքներ փոխանցելու կարողությունը: Ասել կուզեմ, որ չպետք է պարզապես ասել` սա վատն է, կամ նա վատն է, այլ հիմնավոր կերպով ընտրել այն «վատին», ում հետ համագործակցելով` կարելի է տվյալ տարածաժամանակային համատեքստում առավելագույնս շահեկան դիրքերում հայտնվել: 

Հ.Գ. Հուսանք, որ մի օր մարդկանց համար հասկանալի կդարձնեն, թե որ «վատի» ընտրությունն էր առավել հիմնավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել