Analitik.am-ը գրում է․

Արդեն մոտ 1 տարի է, ինչ ՀՀ վարչական դատարանի կողմից, ապա նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից կայացվել են որոշումներ առ այն, որ Երևանի Արղության փողոցի վրա գտնվող շենքի մասով Երևանի քաղաքապետը պետք է կայացնի շինությունն օրինական ճանաչելու մասին որոշում։ Վարչական դատարանի որոշումից հետո Երևանի քաղաքապետարանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որն անփոփոխ է թողել վարչական դատարանի որոշումն, այնուհետև Վճռաբեկ դատարանը նույնպես անփոփոխ է թողել շենքն օրինական ճանաչելու մասին Վարչական դատարանի որոշումը։

Սակայն, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում կատարել դատարանի կողմից կայացրած որոշումները։ Շինության սեփականատեր Դավիթ Ահարոնյանը դիմել է ԴԱՀԿ, որպեսզի վերջինս պարտավորեցնի քաղաքապետին կատարել դատական ակտերը, նորից որևէ արդյունք չի եղել։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոչ միայն չի կատարում դատարանի որոշումներն, այլ հրաժարվում է նաև բացատրություն տալ իր այս անտրամաբանական գործողություններին։

ՀՀ-ում գործող օրենսդրությանը համապատասխան՝ Դավիթ Ահարոնյանը 2022-ի հունիսին դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ պահանջելով Երևանի քաղաքապետի նկատմամբ հարուցել քրեական վարույթ։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետք է հարցաքննվեին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դատական ակտերը կատարելուց խուսափող Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության պաշտոնատար անձինք։

Չնայած այն հանգամանքին, որ փաստաբանների կողմից ներկայացվել են մի շարք միջնորդություններ Հրաչյա Սարգսյանին հարցաքննելու մասով, որևէ գործողություն չի ձեռնարկվել մինչ օրս։ Ստացվում է, որ կամ քննիչը վախենում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին կանչել հարցաքննության, կամ էլ , այսպես ասած, վերևից հրահանգ կա իշխանության ներկայացուցիչներին թողնել, որ «աշխատեն»։

Փաստացի կա իրավիճակ, երբ գործող պաշտոնյան իր գործողություններով հնարավոր է էական վնաս է տալիս պետական բյուջեին, կա այդ մասին դիմում քննչական մարմին, սակայն չկա որևէ գործողություն , որը կկանխի պետական բյուջեին հասցվող հնարավոր վնասը։

Ըստ էության, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր այս գործողություններով վնաս է տալիս ոչ թե շենքի սեփականատիրոջը՝ Դավիթ Ահարոնյանին, այլ առաջին հերթին Երևանի բնակիչներին, քանի որ ինչքան ձգվում է իր կողմից դատական ակտերի կատարումը, այնքան կուտակվում են գումարները, որոնք որպես վնասի փոխհատուցում շենքն օրինակացնելուց հետո, ամենայն, հավանականությամբ, Երևանի քաղաքապետարանից կպահանջի շենքի սեփականատերը։ Այդ գումարները հետագայում փոխանցվելու են Երևանի քաղաքապետարանի բյուջեից՝ այսինքն, դրանք Հրաչյա Սարգսյանի գումարները չեն, այլ Երևանի բնակիչների, որոնք անհասկանալի պատճառներով պետք է վճարեն քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի «կապրիզների» համար։

Չվճարելու տարբերակ չի կարող լինել, քանի որ կան դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումներ, որոնց համաձայն շենքը պետք է օրինական ճանաչվի քաղաքապետի կողմից, և ինչքան ձգվում է այս գործընթացն, այնքան վնասներ է կրում շենքի սեփականատերն, իսկ վնասները հետագայում պահանջվելու են հենց Երևանի քաղաքապետարանից։

Այս իրավիճակում անհասկանալի է քննչական մարմնի պահվածքը։

Հնարավոր է, որ Հրաչյա Սարգսյանն ունի անվստահության ՀՀ դատական համակարգի նկատմամբ, չի սիրում տվյալ ակտերը կայացրած դատավորներին, զուտ չի ուզում կատարել այն, ինչ օրենքով պետք է կատարի, սակայն Սարգսյանը բախտի բերմամբ, թե պատահմամբ, հանդիսանում է պաշտոնատար անձ՝ քաղաքապետ, հետևաբար իր այս գործողություններից տուժում և տուժելու է առաջին հերթին ոչ թե ինքն, այլ ՀՀ պետական բյուջեն։

Հնարավոր է նաև, որ Հրաչյա Սարգսյանը «նեղվել» է, քանի որ գիտի, որ ինքն այլևս չի լինելու Երևանի քաղաքապետ և ցանկանում է կուտակել ինչքան հնարավոր է շատ պարտքեր Երևանի քաղաքապետարանի հաշվին և դրանք «ժառանգել» հաջորդ քաղաքապետին, կարելի է երկար ենթադրել, թե ինչու Երևանի քաղաքապետ հանդիսացող անձը չի կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումները, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում, և ամեն օր Դավիթ Ահարոնյանը կրում է վնասներ, որոնք, պահանջվելու դեպքում, հետագայում փոխհատուցելու է ոչ թե Հրաչյա Սարգսյանն, այլ Երևանի քաղաքապետարանն՝ ավելի կոնկրետ ՀՀ քաղաքացիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել