Tert.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և դրան վերջ տալու համար Վատիկանի գործադրած ջանքերին:

Ինչպես գրում է vaticannews.va-ն, պոնտիֆիկոսը պատմել է, որ պատերազմի սկսվելուց մեկ օր հետո գնացել է ՌԴ դեսպանատուն՝ խոսելու դեսպանի հետ, որը, ըստ հովվապետի, «լավ մարդ է»:

«Ես նրան ասացի, որ պատրաստ եմ գնալ Մոսկվա Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին-Խմբ.) հետ խոսելու, եթե դրա կարիքը լինի։ Լավրովը (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով-Խմբ.) շատ քաղաքավարի պատասխանեց. «Շնորհակալություն, բայց այս պահին անհրաժեշտություն չկա»», - վերհիշել է Հռոմի պապը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր երկու անգամ հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հետո ևս մի քանի անգամ դեսպանի հետ։

Զարգացնելով պատերազմի թեման՝ Հռոմի պապն ասել է, որ «դաժանությունը ռուս ժողովրդից չի գալիս, քանի ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է»:

«Դա (դաժանությունը-Խմբ) վարձկաններից է, զինվորներից, որոնք պատերազմի են գնում որպես արկածախնդրություն, վարձկաններ... Ես նախընտրում եմ այսպես մտածել, որովհետև ես բարձր եմ գնահատում ռուս ժողովրդին, ռուսական մարդասիրությունը: Պարզապես մտածեք Դոստոևսկու մասին, որը մինչ օրս ոգեշնչում է մեզ, ոգեշնչում է քրիստոնյաներին մտածել քրիստոնեության մասին:

Ես մեծ ջերմությամբ եմ վերաբերվում ռուս ժողովրդին և նաև ուկրաինացիներին: Երբ ես տասնմեկ տարեկան էի, մեզ մոտ մի քահանա կար, որը... ինձ սովորեցրեց պատարագ մատուցել ուկրաիներենով, և այս բոլոր ուկրաինական երգերը ես դրանք գիտեմ իրենց լեզվով, որովհետև ես դրանք սովորեցի երեխա ժամանակ: Այնպես որ, ես շատ մեծ սիրով եմ վերաբերվում ուկրաինական պատարագին: Ես երկու ժողովուրդների մեջ եմ, որոնց սիրում եմ», - ասել է Հռոմի պապը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել