ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻՑ
Այս իշխանության ավերածությունների համեմատությամբ այն խնդիրը, որը կներկայացնեմ մանրուք է։ Մանրուք է, բայց ինչպես ասում են, չարը թաքնվում է մանրուքներում։
Խոսքը ոստիկանության որոշ (վստահ եմ, որ կան նաև արժանապատիվ ոստիկաններ) աշխատակիցների լկտիության և տգիտության մասին է։ Վերջերս ոստիկանները մեզ հաճախ են ներկայանում, որպես ասֆալտին փռող, ցուցարար ծեծող, հայհոյող պաշտոնյաներ։
Այսօր, ընտանիքիս անդամների հետ տուն էի վերադառնում, երբ ոստիկանն անհիմն կանգնեցրեց մեքենաս և տեղեկացրեց, որ պետք է ստուգի սթափությունս։ Հարցիս, թե ինչ հիմքով, նշեց, որ ուժեղացված ծառայություն է։
Սթափությունս ստուգելուց հետո, երբ նշեցի, որ անհիմն վարչարարություն է իրականացնում, գործընկերոջ հետ խորհրդակցեց ու ասեց, որ պետք է նաև իրավախախտման արձանագրություն կազմի։
Կցվող տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը։ Այն օրենսդրությանը, որով ինքն ամեն օր գործում է։
Մեր վարորդներին տեղեկացնեմ, որ ոչ սթափ վիճակը ոստիկանը կարող է ստուգել միայն ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐԻ առկայության դեպքում և իրավունք չունի իր քմահաճույքով ում ուզի կանգնեցնի ու սթափություն ստուգի։
Երկրորդ, ոստիկանը սկզբից պետք է արձանագրություն կազմի, ձեր իրավունքները պարզաբանի, ու նոր հետո որոշում կայացնի։ Արձանագրության մեջ անպայման նշեք, որ ձեր իրավունքները չեն բացատրվել (եթե չեն բացատրվել)։
Ճանաչեք ձեր իրավունքները և պահանջատեր եղեք։ Միայն այդ կերպ կստիպենք տգիտությանը նահանջել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել