Անդրիաս Ղուկասյան, Դուք խառնում եք իրավական չափորոշիչները և քաղաքական ինտրիգները, խիստ կասկածներ ունեմ, որ դիտավորյալ. 
Դուք այսօր խոսում եք ոստիկանության պարտավորությունների մասին, ասում, թե ինչ իրավունք չունի անել ոստիկանությունը` մոռանալով նշել, թե ինչ է պարտավոր անել ոստիկանությունն առաջին հերթին հասարակական, ՇԵՇՏԱԴՐՈՒՄ ԵՄ, ողջ հասարակության համար պատշաճ կարգ ու կանոն հաստատելու համար, և դրա խաթարման դեպքում ինչ իրավունք ունի անել ոստիկանությունը: Եվ ավաղ, ոչ մի ծանրակշիռ գաղափարական-բանական, կամ իրավական, և կամ մարդկային հիմնավորում: Տկլոր նախադասություններ` պոպուլիզմի անփառունակ շարասյունից: 
Ձեր գրառման լիրիկական մասը անտեսելով` ասել է, թե` դիտավորությունը հակադարձելով վերջաբանին` անդրադառնամ. 
Քաղաքացիական պատերազմ հրահրելու Ձեր նախաձեռնությունը, որ անթաքույց հրամցնում եք Ձեր հայտարարություն-գրառման համատեքստում, որքան անբարոյական է, նույնքան էլ` դատարկ ու անիրական: Քաղաքացիների անունից խոսելը` զավեշտալի: Ձեր` «համաչափ ինքնապաշտպանական միջոցներ» և «կամավոր իրավապահ մարմի» մտատվայտանքները դեռ ոչինչ, որ ուղիղ հակասական են Ձեր գրառման նախաբանում արված ձևակերպմանը, մեջբերեմ` «...իրականացվող բողոքի ակցիաները բնավ ուղղված չեն ոստիկանների կյանքին, առողջությանը եւ արժանապատվությանը վնաս պատճառելուն» և մեղմ ասած` շիզոֆրենիայի ժանրից, բայց նաև խայտառակ վտանգավոր է այսօր քաղաքացիական ճակատում հասարակության առողջացման իրական շարժառիթներով երիտասարդական շարժում սկսած ակտիվիստների համար: Դուք նրանց, ասպես ասած, «փուռն եք տալիս», պարոն Անդրիաս: 
Ընդհանրապես ինձ մոտ զգացողություն կա, որ ակտիվիստները այնքան էլ չեն վստահում Ձեզ: Հավատացեք, դա շատ ակնհայտ շոշափելի է տարբեր իրավիճակներում նրանց ոչ ադեկվատ վարքի դրսևորումներով: Իսկ այ մի հարցում Դուք իսպառ փարատել եք իմ ու շատերի կասկածները: Դուք ընդամենն ուզում եք յուրացնել այս երիտասարդական շարժման թեկուզ փոքրիկ, բայց վաստակած փառքը, ուզում եք ընդամենը «սեփականաշնորհել» այս գործունակ երիտասարդ մարդկանց խումբը: Մի բան հաշվի չեք առել. այսօրվա երիտասարդը երեկվանը` քո սերնդի երիտասարդը չէ, պարոն Ղուկասյան, այսօրվա երիտասարդը շատ ավելի գրագետ է, շրջահայաց, պրագմատիկ ու իր արժեքն իմացող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել