Իսկապես էլ ինձ համար անընկալելի են այս օրերին մայրաքաղաքում տիրող նսեմացուցիչ մթնոլորտի ֆոնի վրա համացանցային խրախճանքը, «այլասեր օռգիաները» տարբեր խմբերում, մասսայական էքստազը, որից գլուխները կորցրել են, որ վարում ու վայելում են հայտնի ու կիսահայտնի, հարգված ու վաղուց բազմիցս վարկաբեկված, նորաթուխ ու հնաբնակ, մի խոսքով Ֆբ օգտատերերի մի մեծ բազմություն: Ինչների՞դ վրա եք էսպես ոգևորվել, այ իմ երկրի «տեղեկատվական հասարակություն». բացատրեք, եթե կկարողանաք:
Արդյոք մենք պետք է ոգևորվե՞նք, որ ոստիկանությունն ի վերջո սկսեց ուժ կիրառել ակտիվիստների նկատմամբ: 

Արդյոք մենք պետք է ոգևորվե՞նք, որ ակտիվիստը հրապարակայնորեն ոստիկանին հայհոյեց ու չկատարեց նրա պահանջը:
Արդյոք մենք պետք է ոգրորվե՞նք, որ դրսի արատավոր բարքերն այլևս անկոմպլեքս իրացվում են մեր քաղաքացիների կողմից, որ ակտիվիստ աղջիկը, հայ աղջիկն ամեն ինչ անում է, որ ոստիկանը ֆիզիկական կոնտակտի մեջ մտնի իր հետ, բերման ենթարկի, ինչա մեկ րոպե հետո կարողանա այդ «էքսկլյուզիվը» հրամցնել համացանցում ու ... «համընդհանուր հեշտանքը» անընդհատ, շարունակական մնա: 
Մի բռաչափ խելք ու մի երկու կաթիլ արդարամտություն ունենալու դեպքում չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ այսօր աչքներիս առաջ, մեր բոլորի համերաշխ ջանքերով վարկաբեկվում են և՛ ոստիկանությունը, և՛ քաղաքացիական ակցիան:
Այն ոստիկանությունը, որ նույն Վովա Գասպարյանի բարենորոգածն է, որ նախորդ 4 տարբեր նշանակության ու կալիբրի ընտրությունների ընթացքում կարողացավ հասարակական հավասարակշռվածություն ապահովել, պաշտպանել ու հարգել հասարակական շահը ու անցավ անցկացնել դրանք: 
Այն քաղաքացիական ակցիան, որն ամենաազնիվը, ամենամաքուրը, միակ իրական հաղթանակածը, իսկապես էլ հանուն հասարակական շահի ու ամենաանկուսակցականն էր ի սկզբանե իմ իմացածներից: 
Կոչ եմ անում իմ բոլոր համացանցային ընկերներին, նաև էլեկտրոնային ԶԼՄ-ներում նյութերի պատասխանատուներին. յուրաքանչյուր գրառում, նյութ, հոդված, տեսանյութ տեղադրելուց, մեկնաբանելուց առաջ մեկ ակնթարթ ինքներդ ձեզ հարց տվեք` մեզ բոլորիս ձեռնտու՞ է վարկաբեկված ոստիկան, վարկաբեկված ակտիվիստ ունենալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել