Բոլորիս շնորհավորելով Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ` կցանկանամ, որ մեզանից յուրաքանչյուրն ապրի այն գիտակցությամբ, որ ամենայն հռչակագիր չպետք է մնա սոսկ որպես ՀՌՉԱԿՎԱԾ ԳԻՐ, այլ պետք է դառնա մեր ապրելակերպի ու պատասխանատու գործելակերպի ՁԵՌԱԳԻՐԸ: Ասել կուզեմ, որ անկախ հայրենիք ու պետականություն ունենալը իրավունք լինելուց զատ նաև պարտականություն է, ինչը ենթադրում է ոչ միայն անկախության հռչակում, այլև պահպանում և դրա ընձեռած հնարավորությունների շնորհիվ առաջանցիկ զարգացում: 
Այս համատեքստում բնավ չի կարելի համաձայնել այն մարդկանց հետ, ովքեր, տառապելով Խորհրդային Միության դրական կողմերի կարոտախտով, մեր բացթողումները բացատրում են Անկախության փաստով: Անկախությունն ու անկախ պետականությունն իրավամբ բարձր արժեքներ են, այլ բան է, որ հաճախ չենք կարողանում արդյունավետորեն օգտվել այդ արժեքների ընձեռած հնարավորություններից: Իսկ դա նաև այն պատճառով, որ մենք հիմնականում փորձել ենք ԱԶԱՏԱԳՐՎԵԼ, բայց ոչ ԱԶԱՏՎԵԼ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել