Երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովն այնքան ոգևորված էր խոսում Իլհամ Ալիևին «սատարող» Բարաք Օբամայի նամակների, Վ. Պուտինի և թյուրքալեզու պետությունների ղեկավարների հայտարարությունների մասին, որ դրանց համատեքստում ՀՀ նախագահի հայտարարությանն արձագանքելը պետք է որ անիմաստ դառնար: Սակայն Նովրուզ Մամեդովը ոչ միայն արձագանքեց, այլև իսկապես աչքի ընկավ ոչ ադեկվատ և հուզախառն մտքերով:
Եթե ՀՀ նախագահի հայտարարությունը Ձեզ համար ոչ մի նշանակություն և ճշմարտության արժեք չունի, ապա էլ ինչո՞ւ եք սրտներիդ մոտ ընդունում և ի հավելումն դրան` Օբամայով, Պուտինով և այլ ղեկավարներով Ալիևի ջրաղացին ջուր լցնում (մանավանդ այն դեպքում, երբ այդ ջուրն էլ հաճախ մտացածին է): Ավելին, Նովրուզ Մամեդովը եթե ադեկվատ լիներ, ապա գոնե կասեր, որ Ալիևը Ադրբեջանի քաղաքացիների «աջակցությունն» է վայելում, ինչն էլ ժողովրդավարական ընտրությունների գրավականներից կլիներ: Բայց, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների համար դա բնավ կարևոր չէ, քանի որ «անկախ և ինքնուրույն» Ալիևին պետք է ոչ թե ներսի, այլ դրսի աջակցությունը կամ հավանությունը: 
Ասել կուզեմ, որ Նովրուզ Մամեդովի հնչեցրած մտքերը ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանում առաջիկա ընտրությունները ժողովրդավարական զարգացումների համատեքստում դիտարկելը անիմաստ և անպտուղ գործ է (ինչի մասին ակնարկել էր ՀՀ նախագահը), իսկ թե այն, ինչու Ի. Ալիևը չի կարող ՀՀ համար նախապատվելի հաղթող-թեկնածուն լինել, Նովրուզ Մամեդովն այդպես էլ չպատասխանեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել