Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում եմ «փայլել» զեղծարարություններով ու ցանկալին որպես իրական ներկայացնելու հմտությամբ: Այս անգամ խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի «բազեական» ելույթին ու դրա լուսաբանման ադրբեջանական տարբերակին (տես օրինակ): Բանն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան, ՀՀ նախագահի ելույթում տեղ գտած մտքերը համատեքստից դուրս ներկայացնելով, ընթերցողի մոտ փորձեց այնպիսի տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը նախընտրում է Ալիևի վերընտրությունը, քանզի Հայաստանին ձեռնտու է ժողովրդավարական հարևան ունենալը: Այսինքն` կարծես ստացվում է, թե Ալիևն է ՀՀ համար ժողովրդավարական հարևան ունենալու գրավականը: Այնինչ, ադրբեջանական քարոզչամեքենան հմտորեն շրջանցում է ելույթի մի դրվագ, որտեղ ՀՀ նախագահը հստակ կերպով մի կողմ է թողնում Ադրբեջանի ժողովրդավարական լինելու մասին տեսակետը (ըստ էության, իրականության հետ աղերսներ չունենալու պատճառով) և հայկական կողմի համար Ալիևի վերընտրության շահեկանությունը ներկայացնում է այլ համատեքստում: Այսինքն` եթե փորձենք կոնցեպտուալիզացնել նախագահի ելույթը, ապա կարելի է առանձնացնել դրա ադրբեջանական և ոչ-ադրբեջանական նշանաբանների տարբերակները.
1. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ - ՀՀ նախագահը նախընտրում է Ալիևի վերընտրությունը, քանզի ցանկանում է ունենալ ժողովրդավարական հարևան
2. ՈՉ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ - ՀՀ նախագահը հանգամանքների բերումով նախընտրում է Ալիևի վերընտրությունը, չնայած այն բանին, որ ցանկանում է ունենալ ժողովրդավարական հարևան:

Հ.Գ. Ուշագրավ է, որ ադրբեջանական քարոզչամեքենան, ավանդույթի համաձայն, այս անգամ չպիտակավորեց ՀՀ իշխանություններին կամ նախագահին, քանզի խեղաթյուրելով վերջինիս մտքերը` դրանք փորձեց ծառայացնել Ալիևի կերպարը դրական լույսի ներքո ներկայացնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել