![](/static/news/b/2013/08/77147.jpg)
![]() |
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Երկար ժամանակ մտածում էի գրե՞լ, թե՞ ոչ... Բայց ի վերջո որոշեցի գրել, որովհետև թեման շատ եմ կարևորում ու չգրել, չկիսվել, չբարձրաձայնել չէի կարող… Հատկապես որոշեցի գրել այս խնդրի հետ կապված գրառումների տակ կարծրատիպ «հայրենասերների» մեկնաբանությունները կարդալուց հետո:
Ես հայ եմ, հայրենասեր եմ, սիրում եմ իմ Հայրենիքը: Նույնիսկ շատ եմ սիրում… Պատանի, երիտասարդ տարիներին շատ էի հպարտանում, որ հայ եմ, բայց հիմա հպարտ լինելով հանդերձ, ավելի իրատեսորեն եմ նայում, ընկալում, ավելի օբյեկտիվ նայում ամեն ինչի… Չեմ սիրում տեղին- անտեղին գլուխ գովալ, որ հայ եմ, հայերին վեր դասել մյուս ազգերից, մյուս ժողովուրդներից: Ընդհակառակը, որոշ դեպքերում, կամ ինչո՞ւ որոշ, հաճախակի վատ եմ զգում, ամաչում, որ հայ եմ:
Հայրենասիրությունը վիրտուալ հայրենասիրական կոչերը, մեկնաբանությունները չեն: Հայրենասիրությունը թուրքերին, ադրբեջանցիներին հայհոյելու «թնդության» աստիճանով չէ, ուրիշ ազգերից հայերին վեր դասելով, հայերի առանձնահատուկ լինելը շեշտելով, այն, ինչ հայկական է, անհիմն գովերգելով չէ… Հայրենասիրությունը լավ սովորելն է, երեխաներին լավ դաստիարակելը, բանակում կարգապահ ծառայելը, զինվորներին հայրաբար հրամանատարություն անելը, անշահախնդիր, նվիրումով, պետական մտածողությամբ, անկաշառ աշխատելը, քաղաքացու իրավունքները չոտնահարելը, բարեկիրթ, դաստիարակված լինելը, նույնիսկ քաղաքը մաքուր պահելն ու չաղտոտելը…
Կարդացի Տիգրան Քոչարյանի գրառումն` ուղղված Թբիլիսիով հիացողներին, և չեմ հասկանում նրա գրառման նման պաթետիկ ոճը, նպատակը և նման արձագանքները…
Տիգրանին շատ եմ հարգում նրա ակտիվ քաղաքացիական դիրքորոշման, նրա իրական հայրենասիրության, բազմակողմանի զարգացածության համար, սակայն ճշմարտությունն ավելի… Խոսքը իհարկե Թբիլիսիին չի վերաբերում, այլ նման մոտեցմանը և գնահատականին:
Ի՞նչ է, եթե կանգնես, հիանաս Մեծ կանիոնով, Սֆինքսի, Չինական մեծ պարսպի վեհությամբ, Թաջ Մահալի գեղեցկությամբ, այս կամ այն քաղաքի քաղաքաշինությամբ, մաքրությամբ, քաղաքացիների բարեկրթությամբ, դաստիարակությամբ, պետք է մտածես` արժե՞ հիանալ, ես` որպես հայ, իրավունք ունե՞մ հիանալ այս ամենով, թե՞ ոչ...
Թբիլիսիում ավիրել են, վառել, յուրացրել, պղծել եկեղեցիներ, քանդել գերեզմաններ… Թուրքիայում, Ադրբեջանում ավիրել են, քանդել, գրառումներ կատարել հուշարձանների պատերին… Եղա’վ, հասկացա’նք…
Լա’վ, իսկ նույն ջանադրությամբ մենք հիշում, հաշվառո՞ւմ ենք, թե քանի եկեղեցի է տարիներ շարունակ ավիրվել, քանդվել, նույնիսկ պղծվել, վառվել, անասնագոմ դարձել Հայաստանի տարածքում, հայերի կողմից: Ինչքա՞ն հուշարձաններ են մրոտվել, հիմա էլ մրոտվում են հայ կոչվող վանդալների կողմից... Հաշվառո՞ւմ ենք, թե ինչքան գերեզմանոցներ են պղծվել, ոչնչացվել, թե հիմա ինչքան գերեզմաններ են թալանվում Հայաստանում` նրա մայրաքաղաքում…
Ի՞նչ, եթե մարդիկ ինչ-որ լավ, հաճելի բան են տեսնում կամ զգում, ինչո՞ւ չարտահայտվեն, ինչո՞ւ չհիանան... Պարտադի՞ր է հայրենասիրության պրիզմայով անցկացնել այդ զգացումներն ու տպավորությունները...
Ե’ս, ի զարմանս ՀՀ քաղաքացիների, շատ երկրներում չեմ եղել, շատ չեմ ճանապարհորդել, ընդհանրապես չեմ հանգստացել, շատ քաղաքներում չեմ եղել: Բայց բախտի բերմամբ, թե պատահմամբ գործուղվել եմ մի երկու-երեք եվրոպական երկիր: Լինելով այդ երկրներում` անկեղծորեն զարմացել եմ, թե ինչ են հասկանում «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» արտահայտությունը հնարողն ու հետագայում կրկնողները: Ի՞նչ ի նկատի ունեն... Ի՞նչ թանգարան... Ի՞նչ համաշխարհային ճանաչում... Գուցե Երևա՞նն է թանգարան` իր «պատմական զարգացման ժամանակաշրջանները բնութագրող թաղամասերով», հուշարձաններով, շենքերով, քաղաքաշինությամբ... Գո՞ւցե Սարի թաղը, Կոնդը, Չարբախը, Նոր Արեշը, Անաստասավանը...
Բա ի՞նչ են Իտալիան, Հունաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը, մյուս շատ-շատ երկրները, նրանք թանգարան չե՞ն...
Նայելով իմ այցելած այդ երկու-երեք երկրների, նրանց քաղաքների հուշարձանները, շենքերը, ծանոթանալով նրանց պատմական, ժամանակագրական, ոճական, քաղաքաշինական առանձնահատկություններին, ճարտարապետական հոյակերտ կառույցներին ու թաղամասերին` զարմացել եմ, թե ինչու ենք այդքան գլուխ գովում, թե մեր ճարտարապետությունն առանձնահատուկ է, ամենալավն ու հիասքանչը…
Ի՞նչ... Գառնիի հունա-բյուզանդական ոճի տաճա՞րը... Գեղարդը, Զվարթնոցը, Նորավանքը, Տաթևը, մյուս եկեղեցինե՞րը... Լավն են, շատ լավն են, համաձայն եմ, հետո՞...
Որ ունենք գրեթե անտերությա՞ն մատնված Ամբերդ, զանազան մարդանման կապիկներից սերված շերոժների, ցոգոլների, գագուլիկների, հոսոների, մյուս տականքների գրառումներով «զարդանախշված» ուրարտական որմնանկարներ Էրեբունի ամրոցում... Հուշարձանների շրջակայքի մատաղի մսեղիքների գարշահոտության, աղբի, աղտեղության ու մնացած բաների մասին չեմ խոսում: Չեմ խոսում եկեղեցիներում աղոթքի պահին հարայ-հրոցով եկեղեցի ներխուժած «հավատացյալ» հարսանքավորների, շխկշխկոցով նկարվողների, աղմուկ-աղաղակի, մնացած «հաճելի», «հայեցի» երևույթների մասին…
Միանգամից ասեմ, այդքան էլ չեմ սիրել ու չեմ սիրում վրացիներին: Չխորանամ, չեմ սիրում և վերջ: Չնայած մենք էլ մի սիրելու բան չենք… Սակայն իմ հիշողության մեջ Թբիլիսին միշտ էլ հաճելի քաղաք է եղել, թեպետ խորհրդային պետության փլուզումից հետո այնտեղ չեմ եղել: Հիշում եմ այն Թբիլիսին, որը ես եմ տեսել` իր յուրահատուկ կոլորիտով, իր հին, պատմական, ազգային թաղամասերով, իր մաքրությամբ, առատ բուսականությամբ, խնամվածությամբ, իր թարմությամբ, գեղեցկությամբ, իր բնակիչների «մայրաքաղաքացու» հոգեբանությամբ և պահելաձևով:
Հիմա էլ, որքան տեղյակ եմ, շատ-շատ բարեկարգվել, գեղեցկացել է, շատ-շատ բաներ Երևանում «քոփի-փեստ» են արված հենց Թբիլիսիից, Բաթումիից…
Այնպես որ, եթե հաճելի է, գեղեցիկ, ինչո՞ւ «օրգազմ» չապրել, այլ երազախաբ լինել…