Այսօր քո տոնն է, սիրելիս,
Անձրև ու թոն է տիրել ինձ.
Այսօր քո տոնն է, սիրելիս, կգամ ես,
Կհագնեմ քամու կոշիկներ, ահա տես,
Կոշիկներ քամու, որ հասնեմ, հասնեմ քեզ:
Փեսացու պարոնն ինձ այսօր չի հիշել,
Թևանցուկ քեզ հետ, քո կողքին ուրիշն էր,
Օձի պես ճերմակ փաթաթվել ու քեզ իշխել:
Քեզ համար դանակ եմ բերել,
Քեզ կտամ թևեր որ թռչես վեր…
Ես անկոչ հյուր եմ, կողմնակի այլ մոտիվ,
Ճերմակ եմ հագել, ճերմակ եմ ես լրիվ,
Ինքնակոչ հարս եմ դարձել ես` ալտերնատիվ,
Ախ, նայիր, կարմիր անձրև է, կարմիր ձյուն,
Շորերս ճերմակ դարձել են ալ արյուն,
Փեսացու, դիակ իմ, միակ իմ փրկություն:

Այստեղ կմնամ 

(խոսք.հեղ.՝ Զառա Գևորգյան)

Թերթում եմ մեկիկ-մեկիկ,
Եզերքներն ահա ափիս,
Ոտքիս տակ քամիներ եմ հավաքում, փայփայում,
Գիշերներ իմ թևերի մեջ ամուր բարուրում:

Տես, լուսինը տաք է,
Ես կանգնել եմ վրան,
Թուխ ամպերն ինձ օրորում են,
Ինձ են պահապան:
Տես, կապույտ երազը,
Ես գտել եմ նրան,
Այնտեղ գույները շատ պարզ են,
Թե կուզես գնանք:

Թողեք ինձ, ես լավ եմ,
Ձեզ վաղուց եմ լքել,
Շապիկները ձեզ համար են,
Ինչու եք բերել:
Ես արդեն հեռու եմ,
Ամենիցդ հեռու,
Իմ թևերը վերևում են,
Էլ չեմ դառնալու…

Թերթում եմ մեկիկ-մեկիկ,
Եզերքներ ափիս մոտիկ,
Ծովերը մերկանում են,
Անհուններն են բացում,
Հավքերը վարսերիս տակ են երգում,
Անդորրում:

Տես, ինչ լավն է օդը,
Թափանցիկ է ու թարմ,
Իմ ձեռքերը ամպոտվել են,
Դարձել բալասան:

Հազարան երազը,
Ես բռնել եմ նրան,
Հազարան ձայները իմն են
Այստեղ կմնամ:

Հեքիաթ

(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)

Երեք հեքիաթ գրպանիս մեջ,
Երկուսը` ինձ,
Մեկը տամ քեզ:

Լսի’ր, ասք ասեմ,
Արի քեզ պատմեմ,
Լսի’ր` ինչ եղավ,
Արի հեքիաթեմ:

Ականջդ բաց արա’,
Ասեմ, լսես,
Ասողին լսող է պետք:

Հեքիաթներ կպատմեմ նոր,
Եվ ամեն օր բերեմ անդորր,
Կասեմ կողքիդ օրոր:

Երեք խնձոր
Վերից ընկավ,
Երեք հերոս
Նորից նոր կյանք առավ:

Հերոսները թևեր առան,
Քամի դառան,
Նորից երկինք թռան:

Ջրահարսն ուրախացավ,
Պոչը ջրում մոռացավ,
Ոտի հետքը չորացավ,
Սեր փնտրելու հեռացավ:

Բայց կախարդը էն պառավ,
Բախտի թելը վարն առավ,
Յարին փնրեց չգտավ,
Էլի ջուրը նա մտավ:

Երեք խնձոր վերից ընկավ,
Հեքիաթի պես պատմեցի քեզ:

Լսի’ր, ասք ասեմ,
Արի քեզ պատմեմ,
Լսի’ր` ինչ եղավ,
Արի հեքիաթեմ:

Աներես

(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)

Չեմ ուզում տխրես,
Ես եմ աներես,
Որ ժպտում եմ, հա ժպտում, հա ժպտում,
Դու չես դիմանում:
Չեմ ուզում գնաս,
Ես եմ աներես,
Որ մնում եմ, հա մնում, հա մնում,
Դու չես դիմանում:
Չեմ ուզում գնաս,
Դու չես դիմանում:

Քո թույնը, բույնը, սպեղանին ես եմ…ես եմ,
Քո տունը, քունը, ակունքը, ես եմ… ես եմ:

Զարթնի~ր,
Արթնացի~ր,
Ա~խ, լսի~ր,
Եկել եմ հիմա դարման անեմ,
Կերգեմ, ուզում ես` կժպտամ,
Ուզում ես` կպարեմ,
Միայն դու շուտ լավանաս…

Իմ յարա, յարա,
Քո յարան եմ,
Արև մի արի,
Ես եմ դուրս գալիս:

Դիմացիր կեսիդ, եսիդ…
Աներես, աներես եմ ես…
Դիմացիր քո կեսին,
Աներես, աներես… աներես եմ…

Քո թույնը, բույնը, սպեղանին ես եմ…ես եմ…

Խաղերս

(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)

Գուլպայիս ծակը մեծ,
Ժամանակ չկա,
Որ կարեմ, կարկատեմ,
Թել ասեղ չկա:

Գազազեմ, վազվզեմ,
Փոշին թափ տամ,
Քո սազին կսազեմ,
Աչքս խուփ կտամ:

Շորերը` նորերը
Հագել եմ, տես,
Պարանից լվացքը փռել եմ , տես:

Սուս արա, փուս արա,
Տես թե ինձ չբռնեն,
Ախ արա, վախ արա,
Թե չէ ինձ կտանեն.

Շպարս կլվանամ`
Պատկերս արևին կհասնի,
Գույները, բույրերը,
Հետքերը դեմքիս էլ չեմ թողնի:

Դե քնեմ, քուն մտնեմ,
Վերմակս փափուկ ու սիրելի,
Երազում երազեմ,
Տեսնեմ, թե ով ինձ ջուր կբերի:

Առավոտ,
Լուսացավ,
Արթնացա,
Վեր կացա:

Վերմակս կփռեմ,
Արևին կտամ,
Փողոցը ջրջնեմ,
Շեմքին ծափ կտամ:

Մազերս, նազերս
Շաղ տամ, պար կգամ,
Կտուրին կնստեմ,
Ես քեզ ման կգամ:

Այտերս կարմիրով ներկել եմ, տես,
Բերանիս շաքարը քսել եմ, տես:

Սուս արա, փուս արա,
Տես թե ինձ չբռնեն,
Ախ արա, վախ արա
Թե չէ ինձ կտանեն.

Լուսնի հետ խաղ անեմ,
Շողերը շվաքիս չեն հասնի,
Քարեր կհավաքեմ,
Մանյակներ կշարեմ փիրուզի,
Ալյուրն ու փոխինձը
Դնեմ գոգին իմ պատուհանի,
Երթիկից կնայեմ, տեսնեմ` ով մեր տան մոտով կանցնի:

Առավոտ,
Լուսացավ,
Արթնացա,
Վեր կացա:

Սուս արա, փուս արա…

Խոսկապ

(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)

Հեյ, տեսել է ու հավանել է,
Հեյ, ասել են, որ շատ ղոչաղ է:

Հեյ, հարազատով հավաքվել են,
Հեյ, աղջկան մեր հավանել են:

Հեյ, հիմա խոսեք, … շնորհավորենք:
Հեյ, մնում է, որ համաձայնեք:

Համա թե էն չէ,
Մի քիչ էլ կարճ է,
Գրպանին նայենք,
Մեր խոսքը ասենք:

Աման-աման, ինչ անենք,
Աման-աման, նշանենք,
Աման-աման, դե խոսեք,
Էդ կոնյակն էլ հրես հանեք:

Նվիրած մատանին, մատանին
Սպիտակ ոսկուց է, չէ արծաթից է,
Սպիտակ ոսկուց է, չէ արծաթից է:

Մատանու քարերը, քարերը
Ադամանդից են, չէ հա ստից են,
Ադամանդից են, չէ հա ստից են:

Խոսում են, խոսում,
Բերանները շարժվում էն,
Խառնվում, չեն փակվում,
Խանգարում, չեն լռում:
Բամբասում, մեջ ընկնում

Էս հարցը շատ լուրջ քննարկում է պահանջում,
Մենակով չեն լուծում,
Առանց մեզ չի լինում,
Առանց մեզ չի լինում:

Նշանեցին մեր Մարոյին,
Տվին չոբան էն Կարոյին…

Արթնացում 

(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)
Իմն էր քաղցրությունը,
Շուրջս օրորվում էր
Ու բերում էր պարզ թմբիր:
Իմն էին բոլորը,
Ես վախեցա,
Խորն էր անդորրը,
Այդժամ ես կենդանացա:
Ներկան անգո,
Անցյալն անորոշ է դեռ,
Գալիքը` կարծողական,
Ես` անհամբեր,
Մտքերս ցնդած են,
Բնույթն է իմ թերահավատ:
Հեգնի’ր ինձ:
Իմն էր դառնությունը,
Վաճառելն էր անհնար,
Ում տայի այս ցասումը,
Արձագանքը, որ մնար:
Իմն էին բոլորը…

Ծով Ծիրանի 

(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)
Ծով է…
Ծով ծիրանի…
Սով սեյրանի…
Տաք են, մոտ են,
Ի~նչ երանի,
Թաց են, բաց են,
Ի~նչ երանի…
Ես քեզանոտ եմ…
Ինչ ամոթ է…
Դու ինձանոտ ես…
Ինչ անօդ է…
Ծով է…
Ծով ծիրանի,
Այգու մեջը վառա~,
Սով ծարավի,
Մի կում անուշ արա~…
Բար է, հար է,
Ի~նչ երանի,
Թավ է, բավ է,
Ի~նչ երանի…
Ես քեզանոտ եմ…
Ի~նչ ամոթ է…
Դու ինձանոտ ես…
Ա~խ, ինչ տոթ է…

Ռենեսանս 

(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)
Իմ ծաղկե փնջեր
Հյուսքիս կապել եմ, տես,
Հեռուներից եկող իմ ամպե’ր,
Տարե’ք նրանց խաղը մեր:
Շրջան, շրջան բռնենք,
Շորորվենք…
Ախ թե, եթե… նրանց տուն բերես…
Տես, ոսկե ծամեր
Ծաղկով պատել եմ, տես,
Հեռուներից եկող առունե’ր,
Տարե’ք նրանց երգը մեր:
Շրջան, շրջան բռնենք,
Շորորվենք…
Ախ թե, եթե… նրանց տուն բերես…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել