Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ավագ որդին՝ արքայազն Չարլզը, շարունակել է ֆինանսական միջոցներ տրամադրել Սասեքսի դուքսին և դքսուհուն, չնայած որ զույգը «խզել» էր թագավորական ընտանիքի հետ կապերը 2020 թվականի սկզբին, հայտնում է բրիտանական Sky News-ը և հավելում, որ ավելի վաղ Սասեքսի դուքս արքայազն Հարին նշել էր, որ թագավորական ընտանիքն ամբողջությամբ սառեցրել է ֆինանսական աջակցությունը՝ իրենց դերի փոփոխության մասին հայտարարությունից և ԱՄՆ մեկնելուց անմիջապես հետո։

Արքայազն Չարլզի կեցավայր «Քլարենս Հաուս»-ի ավագ խոսնակն ասել է, որ զույգն արքայազն Չարլզից «զգալի գումար» է ստացել՝ փակելու «Ֆրագմոր Քոթեջ»-ի վերանորոգման ծախսերը՝ ֆինանսապես անկախ դառնալու համար։ Մինչդեռ Սասեքսի դուքսն Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցի ընթացքում նշել էր, որ թագավորական ընտանիքի ավագ անդամի պարտականություններից հրաժարվելուն պես թագավորական ընտանիքից դադարել են գումար ստանալ։

Խոսնակը նշել է, որ, հակառակ արքայազնի հայտարարությանն այն մասին, որ նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր նրանք գումար չեն ստացել, ֆինանսավորումը դադարեցվել է 2020 թվականի ամռանը։

Սասեքսի դուքսի և դքսուհու մամուլի խոսնակն ասել է, որ հակասությունը եռամսյակի շուրջ է, քանի որ խոսքը թագավորությունում ֆինանսական տարվա առաջին եռամսյակի մասին է, որը սկսվում է ապրիլից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել