Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը և միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը։
Նախ՝ տեսնենք, թե ի՞նչ է խորհրդանշում ձուն:

 Տակավին նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, կյանքի ու արգասավորության խորհրդանշան, ուստիև ներառնվել է եկեղեցական ավանդության մեջ և այլևս քրիստոնեական բոլոր ժամանակների համար դարձել հարության և հավիտենական կյանքի խորհրդանշանակ:

 Այսպես, ձուն խորհրդանիշն է այն վիմափոր գերեզմանի, որտեղից Մարդեղացյալ Աստվածորդին հրաշափառապես հարություն առավ, իսկ ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, ձուն «ողջ աշխարհի օրինակն է, և ինչպես որ իմաստուններն են ասում՝ «դրսի կեղևը երկնքին է նման, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, իսկ դեղնուցն էլ երկիրն է»…»։

 Ձուն խորհրդանշում է նաև ադամորդու կյանքի երկու վիճակը՝ երկրավորն ու երկնայինը. ինչպես ձվի անկենդան պատյանի մեջ ամփոփված է ապագա արարածի սաղմը (որն ինքնին կենդանություն է, սակայն անպատարուն և գրեթե անհաղորդ արտաքին աշխարհին), նույնպես և ադամորդին, թեև իրական ու տեսանելի այս աշխարհում է ապրում, սակայն նա տակավին չի կարող թե՛ մարմնով և թե՛ հոգով հաղորդակցվել Երկնային արքայության քաղցրությանն ու երանությանը (հմմտ. Ա. Կորնթ. ԺԳ. 12): Երկրավոր կյանքում մարդն ինչպես աստվածային ճշմարտություններին ու խորհուրդներին, այնպես և հանդերձյալ կյանքի քաղցրությանն ու երանությանը (նաև դառնությանն ու տառապանքին) հաղորդակից է լինում այնքանով, որքանով Տեր Աստված հայտնել է ճանաչելու, իմանալու և փրկության հասնելու համար: Ինչպես ձվից ելած արարածն սկսում է ամբողջական կյանքով ապրել՝ իր տարատեսակ ընդունակություններն ու ցանկությունները դրսևորելով, սույնպես և աստվածահաճո անձինք Տիրոջ Երկրորդ գալստյամբ, ահեղ ու անաչառ Դատաստանից հետո, կատարյալ, հավիտենական կյանք են մուտք գործելու և այնտեղ՝ Բարձրյալ Աստծո կամոք, հավիտենական ուսումնառությամբ լուսավորվելու են աստվածգիտությամբ և նորոգված ու փառավոր մարմնով (հմմտ. Փիլիպ. Գ. 21)՝ Ամենասուրբ Երրորդության կենդանարար ներկայությամբ, վայելելու են Երկնի արքայության անանց երանությունը. «…Այժմ ադամորդին գոյաբանորեն անհաղորդ է Սուրբ Երրորդությանը, սակայն ապագայում բոլոր արժանավորները Նրա հետ են լինելու» (Հակոբ Քյոսեյան, «Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության», Սբ Էջմիածին, 1995, էջ 56)։

 Այսպիսով, զատկական ձուն թանձրացական մի նշան է, որը մեզ հիշեցնում է մեր «Հավատամք»-ի գլխավոր ու էական ճշմարտություններից մեկը՝ ննջեցյալների հարությունը, որի երաշխիքը մեռելներից հարություն առած Տեր Հիսուս Քրիստոս է՝ ննջեցյալների առաջին պտուղը (հմմտ. Ա. Կորնթ. ԺԵ. 20), քանզի «Քրիստոսով ամենքը պիտի կենդանան…» (Ա. Կորնթ. ԺԵ. 22):

 Իսկ ինչո՞ւ ենք միմյանց ձու նվիրում, և ինչո՞ւ ենք այն կարմիր գույնով ներկում:
Նախ՝ Ընդհանրական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն, Սուրբ Հարության տոնին միմյանց կարմրաներկ հավկիթներ նվիրելու սովորույթը կապվում է Սուրբ Մարիամ Մագդաղենացու հետ. ավանդության հանաձայն, Քրիստոսի համբարձումից հետո, նա Սուրբ Ավետարանի քարոզչության նպատակով գնացել է Հռոմ, ներկայացել Տիբերիոս կայսեր և նրան կարմրաներկ մի ձու նվիրել ու ավետելով՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», սկսել է իր քարոզչությունը (հարության խորհրդով ձու ներկելու վերաբերյալ հետաքրքրական մի մեկնաբանություն է պահպանվել հայոց կյանքում, ի մասնավորի Սյունյաց աշխարհի Սիսական գավառում.
«…Քրիստոսի չարչարանքի ժամանակ մանրավաճառները փչացած ձուեր էին տալիս երեխաների ձեռքերը, որ խփեն Քրիստոսին, սակայն ձուերը առանց Քրիստոսին դիպչելու յետ էին դառնում՝ թարմացած և կարմիր գոյն ստացած: Ի յիշատակ այս դեպքի, ասում են, տնօրինել են զատկին ձուեր ներկել»):

 Թեև ի սկզբանե Ընդհանրական Սուրբ Եկեղեցու մաս եղող Եկեղեցիներում հավկիթները ներկվել են կարմիր գույնով, սակայն, դարերի հոլովույթում, որոշ Եկեղեցիներում խաթարվել է միայն կարմիր գույնով ներկելու հնավանդ սովորույթը. զատկական հավկիթները դարձել են բազմագույն: Ցավով պետք է նկատենք, որ հայ իրականության մեջ ևս գործնականացել է հավկիթները զանազան գույներով ներկելու ավանդույթը… Մինչդեռ մեր Սուրբ Եկեղեցու եռամեծ վարդապետը՝ Սուրբ Գրիգոր Տաթևացին, ի մի բերելով իմաստուն վարդապետաց վկայությունները, համապարփակ ավանդում է՝ հավկիթները ներկել միայն ու միայն կարմիր գույնով, որովհետև «կարմիր ներկը խորհրդանշում է, թե այս աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց». Քրիստոս Աստված Իր մահվամբ խորտակեց մեր պարտամուրհակի զորությունը և այն խաչափայտին գամեց (հմմտ. Կողոս. Բ. 14), իսկ Իր լույս Հարությամբ հաղթեց մեղքին ու մահվանը և մեզ սատանայից փրկագնելով՝ անմահություն ու անապականություն պարգևեց և Երկնի արքայության ժառանգորդ դարձրեց: Միով բանիվ, Գողգոթայում մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր սուրբ և անապական արյան հեղմամբ ողջ արարչագործությունը՝ աստվածային տնտեսությունը նորոգեց, ուստի և «մենք, կարմիր հավկիթը մեր ձեռքերի մեջ առնելով՝ հայտնապես մեր փրկությունն ենք ազդարարում»:

 Հետևապես, ամենևին խրախուսելի չէ, որ հավատացյալ հայորդիները՝ հարության, նորոգության և մշտնջենական կյանքի առարկայական խորհրդանիշ դարձած զատկական հավկիթները հեթանոսաբար այլ գույներով ներկեն։ Արդ, հավատարի՛մ մնանք մեր հարց ավանդույթին և զատկական հավկիթները ներկենք միմիայն ԿԱՐՄԻՐ գույնով:

 Վերջում հարկ ենք համարում նկատել, որ մեր ժողովրդի կենցաղում մի սովորույթ է ընդհանրացել, որն անհարկի է ու անընդունելի. եթե ընտանիքում մինչև Սուրբ Զատիկ որևէ մեկը մահանում է, ապա այդ տանը ձու չի ներկվում, իսկ օջախի անդամներն էլ չեն մասնակցում Տիրոջ Սուրբ Հարության հոգենորոգ ուրախություններին (հիրավի, սա ոչ թե հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն է, այլ անգիտության հետևանք): Այնինչ, քանի որ ձուն հարության, նորոգության ու կյանքի հավերժության խորհրդանշան է, առավելաբար պիտի ներկվի հենց հարազատին հուղարկավորած ընտանիքում՝ ի նշան ննջեցյալի հոգու անմահության և այն բարի հույսի, որ հարուցյալ Փրկչի ողորմությամբ ու գթությամբ իրենց արյունակից բարեկամը ևս հարություն է առնելու և արժանանալու արդարների հատուցմանը. «Ով Տէր իմ Յիսուս Քրիստոս, Գառնդ Աստուծոյ եւ բարձօղ մեղաց աշխարհի. Դու վասն այսորիկ կրեցեր զայնքան սարսռելի չարչարանսն, եւ հեղլով զպատուական եւ զանգին ԱՐԻՒՆԴ՝ պատարագեցար ի խաչին, զի փրկեսցես զմեզ ի դժոխոց, ի յաւիտենական մահուանէ եւ կեցուսցես» (Տ.Տ. Սիմեոն Ա. Երևանցի Կաթողիկոս Ամենայն Հայոց):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել