«Նիկոլ Փաշինյանի աջակիցները մեզ վրա մունաթ են գալիս, իբրև թե՝ պարզ չի՞, որ Սյունիքին շրջապատող տարածքները Ադրբեջանինն են, ինչի՞ եք խառնվել իրար, միևնույն է, պետք է տանք։ Ընկերներ, ամեն ինչ շատ պարզ է, հավատացեք, որ մենք էլ ենք տիրապետում պատմությանը, քարտեզներին ու շատ լավ գիտենք, թե որ տարածքը ում է պատկանում։ Բայց հարցը այդ տարածքները չեն, ո՞ւմ համար է գաղտնիք, որ դեմարկացիան ցավոտ գործընթաց է։ Խնդիրը ձեր անհոգ վարքագծի մեջ է, ինչ թեթևությամբ ու ցինիկությամբ եք փորձում փրկել ձեր վարչապետի կաշին։ Ամոթ է, մի արեք։ Ոչ ոք չի ասում, թե Ադրբեջանի հասանելիքը պետք չէ վերադարձնել, իհարկե պետք է, բայց ինչպե՞ս։

Մի՞թե այդ գործընթացը պետք է հենց այս անմարդկային ու դաժան ձևով իրականացվեր՝ նվաստացնելով ու խեղելով մարդկային ճակատագրերը, զրոյացնելով ու կազմաքանդելով պետության անվտանգության համակարգը։ Ի դեպ անհրաժեշտ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ական է տեղադրել ապագայի համար, որը մի օր պայթելու է։ Այսինքն՝ կամ ադրբեջանցիներն են ներխուժելու Սյունիք կամ էլ հայերն են նորից գրավելու Զանգելանը։ Եվ ապագայի այս նոր կոնֆլիկտի սաղմերը դրել է Հայաստանի ապաշնորհ կառավարությունը։ Վերադառնանք տարածքների թեմային։ Ըստ կարգավորման պլանի, դրանք պետք է վերադարձվեին հստակ ժամանակացույցով։ Հայաստանին ու զբաղեցված տարածքների մարդկանց պետք է ժամանակ տրվեր։

Գործելու էր 5+2 տարբերակը, այսինքն Քաշաթաղի որոշ շրջաններն ու Քելբաջարը չէին ունենալու նույն կարգավիճակը, ինչ Ջաբրայիլը, Ֆիզուլին և Աղդամը։ Դրանց պարագայում գոծելու էր բոլորովին այլ ռեժիմ, հատկապես, որ դրանք անցյալում քրդաբնակ էին եղել ու փախստականների վերադարձի հարց առանձնապես չէր կարող առաջանալ։ Այսինքն գործընթացը, միևնույն է, փոխելու էր Հայաստանի անվտանգության համակարգի տրամաբանությունը, բայց դա տեղի էր ունենալու աստիճանաբար, այլ ոչ թե անմիջապես՝ փլուզելով ամեն ինչ և մարդկանց թողնելով անպաշտպան։

Հասկացեք, Նիկոլ Փաշինյանը չի կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, նա խեղել է այս ժողովրդի և պետության ճակատագիրը։ Այս պարտության առաջնային մեղավորը Նիկոլն է ու դա հստակ ֆիքսված է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել