Մեր այս պատերազմը, մի ավելորդ անգամ ի ցույց դրեց, որ մարդկությունը կանգնած է անդունդի եզրին:
Եվ իրոք, այսօր մարդկության առջև ծառացել են բազմաթիվ ու բազմաբնույթ այնպիսի խնդիրներ, որոնք այս քաղաքակրթական մոդելի սահմաններում հնարավոր չէ լուծել.

Միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներ, տարաբնույթ լոկալ պատերազմներ, ահաբեկչություն, զանգվածային սպանություններ, հասարակությունների և կառավարող էլիտաների միջև օրըստօրե խորացող հակասություններ, բնական և տեխնածին աղետներ, երկրագնդի ընդերքի անխնա ավարում, կեղտահոսերի վերածված մայրցամաքային հսկա գետեր, աղտոտված ծովեր ու օվկիանոսներ, հոգեկան ու սեռական շեղումների տարաբնույթ դրսևորումներ, թմրադեղամոլություն, նորանոր անհասկանալի հիվանդություններ, ապագայի անորոշություն և այլն, և այլն:

Աշխարհում տիրող այս վիճակն արդեն որպես ճգնաժամ որակելն իսկ անճշտություն է, քանզի ճգնաժամ հասկացությունն իր մեջ դարձելիության տարր է պարունակում և արտաքին ազդակների վերացման շնորհիվ հնարավոր է մեղմել և ի վերջո հաղթահարել այն: Իրադարձությունների ներկայիս բնույթն ու ընթացքը վկայում են մարդկության գոյությանը սպառնացող աղետալի զարգացումների մասին, զարգացումներ, որոնք դարձելի չեն և կործանարար ազդեցություն են ունենալու մարդկային այս քաղաքակրթության վրա: Բայց, դառնանք մեր խնդիրներին:

Եթե մինչև մեր այս պատերազմը, միջազգային ամենաբարձր կառույցների կողմից (ՄԱԿ, Եվրոպա և այլ) դատապարտվում և անգամ խստագույնս պատժվում էին ռազմական ճանապարհով իրենց արտաքին, անգամ ներքին խնդիրները լուծելու փորձ անող բոլոր պետությունները (Իրաք, Աֆղանստան, Հարավսլավիա, Սիրիա, Լիբիա և այլն), իսկ նրանց ղեկավարները որակվում էին ռազմական հանցագործներ և նրանց նկատմամբ հայտարարվում էր միջազգային հետախուզում և տրբունալ (Միլոշևիչ, Կարաջիչ, Սադամ Հուսեյն, Կադդաֆի և այլք ) ապա մեր պարագայում, տեղի ունեցավ անսպասելի մի բան:

Եթե թվարկածս երկրները, եղած կոնֆլիկտները փոխզիջումների միջոցով ու առանց ռազմական ուժի կիրառման, անպայման խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ արձանագրված պարտավորություններ չունեին, ապա մեր պարագայում, այդ ամենի առկայության, ավելին ազգաբնակչություններին խաղաղության նախապատրաստելու, կողմերի հստակ պայմանավորվածությունները թղթի էին տրված և ստորագրված:
Եվ ահա, կողմերից մեկը, խախտելով բոլոր այդ պայմանավորվածությունները, կոալիցիա կազմելով ՆԱՏՕ-ի անդամ թուրքիայի հետ, ներգրավելով շատ երկրներում օրենքից դուրս հայտարարված հազարավոր ահաբեկիչների, պատերազմ է սկսում Ղարաբաղի դեմ:

Ու որքան էլ տարօրինակ թվա, միջազգային կառույցները, Մինսկի խմբում ներգրավված աշխարհիս հզորագույն երկրները, փոխանակ ագրեսորների գործողությունները օրենքից դուրս հայտարարելով, մեծ պատասխանատվություններ և խստագույն պատիժներ ենթադրող անհետաձգելի գործողություններով փորձեին կանխել արյունահեղությունն ու ամսից ավելի տևած ոճրագործությունները, ընդամենը բավարարվեցին անբարոյականության աստիճանի անդեմ, երկու կողմերի միջև հավասարության նշան դնող՝ հաշտ ապրելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, խաղաղ բնակավայրերը չռմբահարելու, և ցինիզմով իրենց նմանը չունեցող կոչերով ու հայտարարություններով:

Եվ ահա, Հայոց պատմության մեջ, այս էլ որերորդ անգամ, ամենավերջին պահին, սպիտակ ձիու վրա հեծած, եկավ մեր ազգի փրկիչ կրեմլում նստողը (շատ կուզեի սխալված լինել, քանզի ռուս ազգի նկատմամբ հատուկ, ԴՐԱԿԱՆ, վերաբերմունք ունեմ և այդ իմաստով կրեմլի շահի և ռուս ժողովրդի խորքային շահերի միջև խիստ տարբերակում եմ դնում) և դադարեցրեց իր լռելյայն հովանավորությամբ սանձազերծված այս պատերազմն, իր ողորմածությամբ մեզ դարձյալ խրելով պարտքերի մեջ, որոնց տակից մենք դարձյալ մի հարյուր տարի դուրս չենք գալու:

Աշխարհը, իր այսօրինակ վարքագծով, մի ավելորդ անգամ հաստատեց, որ ինքն ի վիճակի չէ պաշտպանել իր իսկ հայտարարած կարևորագույն համարվող արժեքները: Որ պետություններն, այսուհետ, առանց որևէ պատասխանատվություն կրելու, կարող են թքել իրենց ստորագրած բոլոր պարտավորությունների վրա և իրենց հարցերը լուծել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու:

Կամ, ինչն էլ ավելի զարհուրելի է, աշխարհում, գրված ու մարդկության հավանությանն արժանացած օրենքների ու պայմանավորվածությունների փոխարեն, գործում են մարդկությունից վեր կանգնած ինչ ինչ խմբակների շահեր, որոնք հակառակվում են հայտարարված օրենքներին ու պայմանավորվածություններին ու աշխարհն էլ գործում է ոչ թե օրենքներով այլ այդ խմբակի ՛՛պանյատյաներով՛՛:

Սա խոսում է այն մասին, որ այս քաղաքակրթական մոդելը իրեն սպառել է և մարդկությունը կանգնած է մի նոր արհավիրքի, մի խորն անդունդի եզրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել