Մարդկային կորուստներ լինում են ամեն վարկյան, բայց ամեն կորստի դեպքում չէ, որ կարող ես միացնել համացանցն ու տեսնել, թե ինչպես է ողջ հայությունը ցավում այդ կորստի համար` հոգու խորքում չհամակերպվելով Աստծու այս որոշման հետ: Որոշում, որի հետ համակերպվել գուցե և այդպես էլ չկարողանանք: Մահվան լռությունն ուրիշ ծանրություն ունի, և այդ լռությւոնը սկսում է խեղդել ու ճնշել մեզ հենց այն ժամանակ, երբ մի պահ գիտակցում ես, որ քո կողքին չի լինելու այն մարդը, որի ներկայությունից վախենում էր հենց ինքը` լռությունը: Մարդ, որի ներկայությամբ տխրությունն ու դժվարությունները հօդս էին ցնդում: Գուցե մի պահ, գուցե ժամանակավոր նրա ներկայութամբ հայ մարդը կորցնում էր իր ցուրտն ու մութը, իր կյանքի դժվարությունները ու սկսում լիաթոք ծիծաղել:
Դժվար է պատկերացնել, որ մենք կորցնում ենք մեր Երևանի ժպիտը, մեր ընկերոջը, մեր եղբորը, մեր երևանցուն, մեր Մարկին:
Մարկը այն եզակի անձանցից է, ում որևէ առիթով հիշատակելիս չես ասում «շոումենը», «պրոդյուսերը» կամ «հաղորդավարը»: Ամենաշատը կասենք кавеэншик Մարկը, բայց դա կոչում չէ, այլ նրա ապրելակերպը, որը դարձել էր նաև մեր ապրելակերպը` ցրտի և մթի տարիներին հեռուստացույցով ժպիտի և հումորի միջոցով ջերմացնելով մեր բնակարանները: Դրա համար էլ նա մեր Մարկն է: Իր հմայիչ ժպիտով, հումորով և ինտելեկտով նա միշտ կարողանում էր գրավել հեռուստադիտողի և հանդիսատեսի համակրանքը: 
Չորս տարեկանից էր սկսել կարդալ: Հինգ տարեկանից արդեն դերասանություն էր անում՝ հատկապես Բրեժնևին նմանակելով: Նշանավոր բժիշկների ընտանիքում ծնված ու մեծացած Մարկը մինչև բժշկական ինստիտուտ ընդունվելը հիվանդանոցում սանիտար էր աշխատում, բարձր կուրսերում՝ շտապ օգնությունում: Մանկական տրավմատոլոգը բժշկականն ավարտելուց հետո հրաժեշտ տվեց սպիտակ խալաթին: Մարկը կիսատ բաներ չեր սիրում: Բայց ցավոք այսօր, չպահպանելով իր կարգախոսը, իր կյանքը կիսատ թողնելով, հեռացավ մեզանից ու մեզ հետ թողեց իրա մասին ջերմ հիշողություններ ու միայն ծիծաղ:
Սիրելի Մարկ, քո մասին անցյալով խոսել չենք կարող, դու մեր մեջ միշտ կմնաս ժպիտով: Դու մշտապես մեր սրտերում ես: Դու երբեք չես մահանա մեր գիտակցության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել