![](/static/news/b/2013/07/70541.jpg)
Մանկության թանձրաթավ կտավում` իմ շքեղ,
Հորդառատ գույների շքերթ է, կառնավալ,
Ամառվա մրգակախ, մեղրածոր այգիներ...
Դե, մեզ էլ մնում էր գնալ ու գողանալ:
Բոշաներ` փոշեմաշկ, դուրս եկած մեծ ճամփա,
Չարչիներ` մատներին մանրածախ մաստակներ,
Գնչուներ` խոստացող ափի մեջ ապագա,
Աշխարհներ որոնող ու մի պտղունց սեր:
Գյուղ բերված առաջին հնդկական կինոյի
Մեկ` հավի շեկ ձվով ձեռք բերված տոմսակներ,
Եվ դանակ ու մկրատ սրելու առիթով,
Հեծանիվ-խարտոցով` մի բանվոր ընկեր:
Կուժն ուսած աղջիկներ` աղբյուրում սառնորակ,
Կարպետի հաստոցներ, յափնջով հովիվներ,
Բակերում` լարախաղ, տատիկի ճախարակ,
Արոտից տուն դարձող այծառաջ հոտեր:
Մանկության ոսկեմաղ անձրևոտ իմ օրեր,
Որ հիմա ջերմաթել անցյալիս կտավում
Իմ հոգուն պատմում եք հիասքանչ հեքիաթներ,
Եվ կյանքը, կարծես, իմաստավորում...
Դավիթ Վանյան 27.07.2013թ.