Ինչպիսի՜ ուրախություն, ինչպիսի՜ ցնծություն… Ժողովուրդ, հասկանալի ա, որ էս ակտիվ պայքարն ու ճնշումն էր, որ ստիպեց իշխանությանը, հանձին քաղաքապետի, վերանայելու տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը: Շատ ուրախալի է, բայց սա ընդամենը փոքրիկ հաջողություն է, այն էլ՝ նախնական, այնպես որ պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել: Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք քաղաքապետի ուղերձի այն հատվածին, որտեղ վերջինս խոսում է տրանսպորտային համակարգի խնդիրների ու նպատակների մասին և ուղղակի նշում, որ «150 դրամ ուղեվարձը այն գինն է, որ, ցավոք, պետք է վճարենք… Այլընտրանք պարզապես չունենք»:

Ի՞նչ է սա նշանակում… Այնուհետև խոսում է մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովից, որը պիտի համապարփակ ու ամբողջական դիտարկում անի այդ չարաբաստիկ որոշման կապակցությամբ: Իսկ այդ ժամանակահատվածում նույն որոշման գործողությունը կասեցվում է: Ուշադրություն դարձրեք՝ կասեցվում է, այլ ոչ թե կարճվում, այսինքն՝ ընդամենը ժամանակավորապես դադարեցվում է: Այնպես որ, սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար արդյունքն է, որին հասանք այս շարժման շնորհիվ: Պետք չէ թուլացնել պայքարի տեմպերը և բավարարվել ձեռք բերածով, քանի որ ըստ էության չկա երաշխիք, որ, ենթադրենք, մի երկու ամսից, երբ այս հանրային ակտիվությունը կարող է հանդարտվել, տրանսպորտի ուղեվարձը կրկին չի թանկանա… Այնպես որ, պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել