Շնորհավորում եմ բոլոր ազատատենչ երիտասարդներին, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր շարունակեցին 100 դրամ վճարել, բոլոր այն վարորդներին, ովքեր, հասկանալով իրավիճակը, լռեցին 100 դրամ վերցնելով, այն բարի մարդկանց, ովքեր անկեղծ եւ առանց շահ փնտրելու անվճար տեղափոխեցին մարդկանց` քաղաքի տարբեր հատվածները, այն ոստիկաններին, ովքեր աչք փակեցին պաստառները մեքենաներին փակցնողների վրա, այն ծնողներին, ովքեր թույլատրեցին իրենց երեխաներին մասնակցել այս ցույցերին, այն կազմակերպություններին, ովքեր նյութական աջակցություն ցուցաբերեցին այս նախաձեռնությանը: Առանց ձեզ հնարավոր չէր կերտել այս հաղթանակը: Մի բան եմ ուզում ասել. մենք կարծես թե գտանք այն բանաձեւը, որով կարողանում ենք հաղթել, այնպես որ պետք է օգտվենք դրանից եւ կատարելագործենք այն, եւ հաղթանակը ապահովված կլինի: Սա փոքր, բայց շատ կարեւոր հաղթանակ էր, այնպես որ պետք է պատրաստ լինենք, որ առջեւում ավելի մեծ հաղթանակներ ունենանք: Եվ վերջում կո՜չ այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չկարողացան մասնակցել այս նախաձեռնությանը, այն մարդկանց, ովքեր վախեցան վճարել 100 դրամ, եւ նրանց, ովքեր կասկածում էին, որ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, հավատացե՛ք, եւ ամեն ինչ լավ կլինի, պայքարե՛ք, եւ հաղթանակ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել