Միշտ խուսափել եմ ցույցերի ու ակցիաների մասնակցելուց: Դրա հիմնական պատճառը էդ ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցներն են եղել: Արդեն ասել եմ, որ տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարը միակն է վերջին տարիներին տեղի ունեցածներից, որտեղ ոչ ոք սեփական շահ չի հետապնդում... Շատ ավելի ուրախալի է տեսնել, որ այդ պայքարի առաջին գծում կանգնած են այն մարդիկ, ովքեր տրանսպորտից չեն օգտվում:

Երեկ որոշեցի ես էլ իմ մեքենայով միանալ ընկերներիս: Ընտրեցինք երթուղիներ ու շարժվեցինք տարբեր ուղղություններով: Ես օպերայի շրջակայքից Շենգավիթ էի գնում: Կանգառից երեք մարդ վերցրի, ու մինչեւ շարժվելը մի աղջիկ մեքենայիս դիմապակուն ակցիայի թերթիկներից փակցրեց:
Ամիրյան փողոցում պետավտոտեսուչը նայեց փակցված թերթիկին, մի քանի մետր կողքովս եկավ ու կանգնեցրեց (ես ոչ մի խախտում չէի կատարել): Ստուգեց փաստաթղթերս, ու ամենաաբսուրդը` խմածությունս (առաջին անգամ եմ տեսնում, որ ցերեկով տեսուչը խմածություն ստուգի): Հետո ԱՊՊԱ-ս ու տեխզննումս ստուգեց: Տեսնելով, որ ամեն ինչ նորմալ ա, ասաց. «Ախպեր, դու գիտե՞ս, որ չի թույլատրվում մարդ տեղափոխել», հարցրի` ո՞ր օրենքով, չպատասխանեց: Նորից եմ հարցնում, նորից մատաղը հետաձգած հայացքով ինձ ա նայում: Հասկանալով, որ էշություն էր ասածը, որոշեց ուրիշ բանից կպնի: Ասում ա` էս թերթիկները չի կարելի կպցնել, վարորդի տեսադաշտը փակում ա: Հարցնում եմ` էդ ո՞նց էղավ, որ «վաճառվում է» կամ «տաքսի սերվիսը պահանջում է վարորդներ» ու էդ տեսակի գրություններով թերթիկներ կարելի ա փակցնել, սրանցից չի կարելի... Էլի երկար նայեց, թղթերս տվեց ու էն ձայներանգով ասաց` բարի ճանապարհ, որ մտածեցի` 100 մետր հետո գլուխս կուտեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել