Աֆրիկան յուրօրինակ մայրցամաք է, որը հիացնում է աշխարհին իր բազմատեսակ ֆլորայով ու ֆաունայով: Կենդանաբաններն այն կենդանիների դրախտ ու դժոխք են անվանում, սակայն հենց իրենք՝ կենդանիները, աֆրիկյան սավանաները, անապատներն ու ջունգլիները համարում են իրենց հայրենիքը: Վայրի հատվածներում մարդկանց խորհուրդ չի տրվում քայլել՝ առանց ուշադրությամբ շուրջբոլորը զննելու: Յուրաքանչյուր քայլի մեծ վտանգի կարելի է հանդիպել: Այս կապակցությամբ աֆրիկյան մայրցամաքի բնակիչները կարծում են, որ իրենց բնակավայրի ամենաիրական սարսափը սև մամբան է:

Ամենախոշոր թունավոր օձերից մեկն աֆրիկացիներին սարսափի մեջ է պահում հարյուրամյակներ շարունակ: Դրանց թույնը, որը վայրկենական մահ է առաջացնում, կայծակնային արագությունը, ուժը իրական վտանգ են սպառնում այն շրջանների բնակիչներին, որտեղ ապրում են մամբաները: Սակայն հայտի է, որ առանց էական պատճառների անգամ այս հզոր գիշատիչը մարդու վրա երբեք չի հարձակվում:

Ավելին՝ եղել են դեպքեր, երբ օձն առաջինն է հարձակվել մարդու վրա, սակայն խայթելու փոխարեն պարզապես փաթաթվել է մազերին: Ճիշտ է, սակայն, նաև այն, որ մարդն անգամ դրանից կարող է սարսափել և կորցնել գիտակցությունը: Հենց այս պատճառներով էլ մամբան յուրաքանչյուր աֆրիկացու համար մեկ վախն է:

Իսկ ահա Եվրոպայում ամեն ինչ այլ է: Իհարկե, սև մամբաները այնտեղ չեն բնակվում, սակայն կենդանաբանական այգիների լիարժեք բնակիչներ են: Զարմանալի է այն, որ գերության մեջ ընկնելուց հետո հզոր գիշատիչն անմիջապես վերածվում է խաղաղասեր կենդանու, որը երբեք չի հարձակվում աշխատակցի կամ այն մարդու վրա, որը հոգ է տանում իր մասին, չի ցուցաբերում ագրեսիա այցելուների հանդեպ:

Եթե մի օր հայտնվեք Լոնդոնի կենդանաբանական այգում, կտեսնեք, թե ինչպես է պահակը հանգիստ կերպով ու մերկ ձեռքով բացում օձի տնակի դուռը և կերակրում սողունին: Օձը ամբողջովին ադեկվատ վերաբերմունք է ցույց տալիս և ուտում իրեն որպես սնունդ տրվող սատկած ագռավները: Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգում առաջ սև մամբաներին վերաբերվում ու սիրում էին երեխաների պես:

Այդ իսկ պատճառով երբ շատ կենդանաբաններ պնդում են, որ սողուններին վարժեցնել հնարավոր չէ, անմիջապես ցանկություն է առաջանում նրանց սև մամբաների մասին պատմելու ու հարց տալու՝ ինչո՞ւ է աֆրիկացիների գլխավոր սարսափը հանկարծակի վերածվում ամենաբարի ու խաղաղ էակի, երբ հարմարվում է կենդանաբանական այգու աշխատակցին: Ամենայն հավանականությամբ, քանի որ այդ աշխատակիցը սողունին հարգանքով է վերաբերվում, վնաս չի պատճառում, կտրուկ շարժումներ չի անում: Եթե այս աշխարհում սողուններին, թռչուններին, ձկներին ու կենդանիներին թողնեինք, որ ապրեին իրենց իսկ տարածքներում, իրենց հայրենիքում, որտեղ չէին վախենա սեփական կյանքի համար, ապա նրանց մասին մարդկանց պատկերացումները կտրականապես կփոխվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել