Մամուլը պիտի լինի ազատ, պատասխանատու և որակյալ։ Այս հատկություններից որևէ մեկի բացակայությունը այն վերածում է առանձին անձանց կամ խմբերի շահեր սպասարկող գործիքի։ Նման մամուլը հրաշալի բնութագրել է բրիտանացի հայտնի լրագրող Հաննեն Սուոֆերը. «մամուլի ազատությունը նշանակում է տպագրել թերթի սեփականատիրոջ այն կողմնակալ կարծիքները, որոնց դեմ չեն առարկում գովազդատուները»։ Մոտավորապես այսպես կարելի է բնութագրել լրատվության վիճակը նաև Հայաստանում, թեև երբեմն լինում են փոքրիկ, հաճելի բացառություններ։ Բնական հարց կառաջանա, թե ի՞նչն է պատճառը, կամ ո՞վ է մեղավոր այս վիճակի համար։ Պատասխանը մեկը չէ, և դրանցից շատերը իրականությանը մոտ են շատ. լրատվության անկախության ֆինանսական բաղադրիչի բացակայությունը, քաղաքական գրագետ լոբբիզմի ձևավորված չլինելը, երկար տարիներ քաղաքական և օլիգարխիկ շահերի համադրումը նաև այս ոլորտում, մասնագիտական կուռ և կազմակերպված հանրույթի բացակայությունը, մասնագիտական բարեվարքության կանոնների և դրանց նկատմամաբ վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգի բացակայությունը, վերջապես, որակյալ լրագրողական դպրոցի բացակայությունը... Ցանկը կարելի է շարունակել, և բերել բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, այդ պատճառների համար պատասխանատու և մեղքի բաժին ունեցող մարդկանց ու կառույցների։ Շատերին կարելի է այս հարցում մեղադրել, բայց ոչ լրագրողներին, մասնագիտական «համքարության» այն մշակներին, ովքեր բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ փորձում են իրենց մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարել, ամենօրյա կռիվ են տալիս հանրության տեղեկացված լինելու իրավունքը ապահովելու համար, իսկ երբեմն էլ իրենց ՃԻՇՏ-ը պահելու համար ստիպված են լինում հազարումի զրկանքներ կրել, ընդհուպ մինչև ֆիզիկական ագրեսիայի թիրախ դառնալը։
Սիրելի լրագրողներ, բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և հորդորս պինդ մնալ, երբեք չհիասթափվել Ձեր ճանապարհից, չխորշել դժվարություններից և չդավաճանել Ձեր սկզբունքներին։ Առողջ եղեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել