Այսօր պատկան մարմինները ազդարարեցին հայ ժողովրդի հերթական բարոյական հաղթանակի և դրանում իրենց ունեցած անզուգական ավանդի մասին: Բանն այն է, որ երբ գազի սակագնի թանկացումից ոգևորված գծատերերը շտապեցին հասարակական տրանսպորտի ուղեվարձը 200 դրամ դարձնելու հայտ ներկայացնել, պատկան մարմինները ազգային ինքնագիտակցության և ազգանվեր առաքելության գիտակցության դիրքերից վճռական հարված հասցրեցին հարստանալու մոլուցքով տարված հայտատուներին և կարողացան կերտել «պատմական հաղթանակը»՝ 150 դրամ ուղեվարձը: Հիրավի, անզուգական և դարակազմիկ նշանակության հաղթանակ է: Եթե այսպես գործեին մեր նախնիները, մենք, անշուշտ, «կունենայինք» Ծովից ծով Հայաստան էլ, աշխարհում նմանօրինակը չունեցող բարեկեցություն էլ ու չգիտեմ էլ ինչ: Բայց ունենք այն, ինչ ունենք: 

Հ.Գ. Շատ կցանկանայի ծանոթանալ ուղեվարձի սակագնի թանկացման հիմնավորումներին: Դրանից պարզ կդառնա, թե պատկան մարմինները հեշտ համոզվո՞ղ են, թե՞ «դժվարին հաղթանակ կերտող»: Կամ այդ հիմնավորումները ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ դաշտում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել