Նոր Մոսկվայում խոշոր ավտովթարի և 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի ողբերգությունը սկսվել է հենց Հայաստանում՝ սեփական հայրենիքում:

Մեր երկրում մարդիկ չեն կարողանում նորմալ աշխատանք ունենալ, արժանապատիվ ապրել, հոգալ իրենց օրվա ապրուստի հարցը և ինչպես Հարությունյանի պարագայում է՝ լուծել նույնիսկ մահացած որդու շիրմաքարի խնդիրը:

Հարությունյանը ու նրա նման էլի տասնյակ հազարավորներ բռնում են խոպանի ճանապարհը՝ օրվա հացի, ընտանիքի կարիքները հոգալու համար:

Ռուսաստաններում նրանց «դիմավորում» է հաջորդ ողբերգությունը. եկվորների նկատմամբ խտրական մոտեցումը:

Պարտքով Մոսկվա հասածը, ուզի-չուզի, համաձայնում է գործատուի բոլոր պայմաններին. անսարք մեքենա վարել, գիշեր-ցերեկ աշխատել և այլն:

Տվյալ դեպքում՝ ականատեսը դարձանք նաև իրական ողբերգության, երբ Հրաչյայի անսարք մեքենան 18 անմեղ զոհի պատճառ դարձավ:

Եթե Հրաչյան մեղավոր է, պետք է պատժվի: Այստեղ երկու կարծիք չկա:

Սակայն նույնիսկ մեղադրյալը պատշաճ պաշտպանվելու, իր արժանապատվությամբ դատարանին ներկայանալու իրավունք ունի:

Սա ճշմարտություն է, սակայն՝ նորմալ երկրների, բայց ոչ՝ այսօրվա Ռուսաստանի համար:

Ի՞նչ է այսօրվա Ռուսատանը:

Տոտալիտար երկիր՝ կայսերապաշտական հռետորաբանությամբ:

Ռուսաստանը չի հարգում անգամ իր քաղաքացիների իրավունքներն՝ ամեն օր նրանց նվաստացնելով, ոստիկանության բաժանմունքներում կտտանքների ենթարկելով:

Հարությունյանի պարագայում՝ ավելացել է նաև չեկիստական իշխանության փայփայած«գաղափարական» բաղկացուցիչը:

Դժբախտ դեպքից ցնցված ռուս հասարակությանն անհրաժեշտ է ցույց տալ բոլոր դժբախտությունների իրական«մեղավորներին»՝ եկվորներին:

Դրա համար էլ ցուցադրվում է այս շոուն. մարդուն դատարան են բերում կանացի խալաթով, հիվանդ վիճակում, տիրաժավորում են նրա խեղճությունը:

Հենց այստեղ էլ սկսվում կամ ավարտվում է բոլորիս ողբերգությունը, որովհետև Հրաչյայի դեմքի խեղճությունը, հուսահատությունը՝ բոլորիս, մեր երկրի անզորության հավաքական արտացոլումն է:

Մենք այսօր ունենք Հայաստան, որն իր սահմաններում նվաստացնում է սեփական քաղաքացուն, իր սահմաններից դուրս անտեր է թողնում ուրիշի կողմից նվաստացված իր քաղաքացուն…

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել