Այսօր գիտնականները փորձում են մշակել միջոցներ աշխարհի վերջի դեպքում գոյատևելու կամ Մարս մոլորակի վրա ապրելու պայմաններ ստեղծելու համար: 90-ականներին արհեստական պայմաններում անցկացվեց կյանքի պահպանման ամենամասշտաբային փորձը:

1985 թվականին Սոնորայի անապատում սկսվեց հսկայական կառույցի շինարարություն, որի տեսքը հիշեցնում էր մեծ ապակե գմբեթ: Այն անվանեցին «Բիոսֆերա-2», քանի որ առաջին կենսոլորտը հենց մոլորակն է եղել: Գիտնականները հավաքվել էին՝ ստուգելու բույսերի և օրգանիզմների գոյատևման հնարավորությունը արհեստականորեն ստեղծված էկոհամակարգում, քանի որ ծածկը հերմետիկ էր: Այն բաժանել էին երեք հիմնական մասի: Առաջինում տեղակայված էր հինգ էկոլոգիական այլընտրանք՝ անտառ, օվկիանոս, անապատ, սավաննա և ճահիճ: Երկրորդ մասը նվիրված էր բույսերին. այստեղ աճեցվել էին հազարավոր բուսատեսակներ: Երրորդ մասը համարվում էր գիտնականների բնակավայրը, որտեղ այդ ընթացքում նրանք պետք է ապրեին և հետևեին կենսոլորտին: Յուրաքանչյուր հոգու տրամադրվել էր 33 քմ տարածք: Մասերը միմյանցից բաժանված էին և ունեին ապակե գմբեթանման ծածկեր, որոնք թույլ էին տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը:

«Բիոսֆերա-2»-ի գլխավոր առաջադրանքը պարզելն էր՝ արդյոք կկարողանա՞ մարդն ապրել և աշխատել փակ տարածքում: Հետագայում այդպիսի համակարգերը կարող էին օգտակար լինել՝ որպես ինքնավար բնակավայրեր տիեզերքում կամ Երկրի վրա՝ կյանքի ծայրահեղ վատթարացման պայմաններում:

«Բիոսֆերա-2»-ում կար ընդամենը ութ գիտնական՝ չորս կին և չորս տղամարդ, որոնք ապրեցին այնտեղ շուրջ երկու տարի: Այնտեղ տարվել էին նաև շուրջ 3000 տեսակի բույսեր, միջատներ և կենդանիներ: Կենդանի օրգանիզմները շնչում էին թթվածին, որն արտադրում էին բույսերը. ջուրն ապահովվում էր բնական շրջապտույտով, իսկ սնունդը բաղկացած էր բույսերից և կենդանիներից:

Փորձը սկսվեց 1991 թվականին: Սկզբում ամեն բան լավ էր ընթանում: Բնակիչներն ապրում էին մեծ, համերաշխ ընտանիքի նման: Սակայն մի քանի շաբաթ անց առաջացան սոցիալական խնդիրներ. գիտնականները բաժանվեցին երկու ճամբարների և սկսեցին խանգարել միմյանց հետազոտական աշխատանքներ կատարելիս: Փակ տարածությունը սկսեց ազդել նրանց նյարդերի և հոգեկան աշխարհի վրա: Աշխատանքի որակը հատկապես տուժում էր խմբերի ղեկավարների պատճառով:

Ծածկի չափսերը անհավանականորեն մեծ էին. կարծես յուրօրինակ մոլորակ էր ստեղծվել Երկրի վրա: Այնտեղ կային այծերի, խոզերի, հավերի ամբողջական խմբեր, ձկներով լի արհեստական լճակներ: Նախատեսվում էր, որ համակարգն ինքնագործունեությամբ կզբաղվի, քանի որ կային բոլոր անհրաժեշտ պայմանները կյանքի համար: Բայց գիտնականները ամեն ինչ չէ, որ հաշվարկել էին: Արդյունքում սնունդը և օդը չհերիքեցին, քանի որ միջատները բազմացան և սկսեցին ավելի շատ թթվածին օգտագործել՝ հանգեցնելով բույսերի վերացմանը: Գիտնականներին տրամադրվում էր օդ և սնունդ: Հարաբերությունները մարդկանց միջև լարված էին: Փորձը ձախողվեց, սակայն ցույց տվեց, որ որքան էլ մարդիկ ջանան ստեղծել նոր աշխարհ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ մեր էկոհամակարգի կառուցվածքը չափազանց բարդ է և դրա գոյությունը կախված է շատ գործոններից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել