Այսօր ֆբ-ի ընկերներիցս մեկի հրապարակային հարցադրումն ընկավ աչքովս. բովանդակությունն այսպիսին էր.` քաղաքացու կողմից լուսանկարված ճանապարհային երթևեկության խախտումն արդյոք բավարար հիմք է, որ ոստիկանությունը պատժի իրավախախտին: Թեման արդիական է, ուստի որոշեցի խորանալ. ահա ինչ եմ պարզել. կարծում եմ բոլորի համար էլ ուսանելի կլինի. 

Քրեադատավարական իրավահարաբերության բնագավառում քրեական գործ հարուցելու առիթներ են հանդիսանում
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Ի տարբերություն վերը նշվածի վարչական իրավախախտումների բնագավառում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտում կատարելու համար գործ հարուցելու համար սահմանված չեն առիթները:

Փոխարենը օրենսգրքով սահմանված են ապացույցների տեսակները, համաձայն որի Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:Թեև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտում կատարելու համար գործ հարուցելու պարտականություն սահմանված չէ, այնուամենայնիվ <Ոստիկանության մասին> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված է հետևյալը.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է իրականացնել պետական վերահսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ: Տվյալ դեպքում պետական վերահսկողություն իրականացնելու պարտականությունը դրսևորվում է կատարված իրավախախտման օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելով:
Ինչ վերաբերում է իրավախախտման վերաբերյալ քաղաքացու կողմից կատարված լուսանկարի հիման վրա անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն, այն առանձին վերցված բավարար ապացույց չի կարող համարվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության: Նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:Այսինքն, տվյալ դեպքում գործի քննության և անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար գոյություն ունեն օրենսգրքով սահմանված պարտադիր պահանջներ: Պետք է պարզվի արարքի կատարման ժամանակահատվածը, թե երբ է այն տեղի ունեցել, անձի մեղավորությունը կատարված արարքի մեջ և այլն: Քաղաքացու կողմից կատարված լուսանկարով միայն հնարավոր չէ ապահովել նշված հարցերի պատասխանները, դրանք պետք է հիմնավորվեն կամ հերքվեն այլ ապացույցներով, այդ թվում վկաների ցուցմունքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել