Հայաստանում գազի գնի բարձրացումը սկսում է աստիճանաբար իր տնտեսական հետևանքներն ունենալ այլ ոլորտների վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտի և հատկապես հասարակական տրանսպորտի ճնշող մեծամասնությունն աշխատում է գազով, ապա սպասելի էր, որ այս ոլորտի տնտեսվարողները գազի վերջին թանկացմանը զուգահեռ կաշխատեն թանկացնել նաև հանրային տրանսպորտի գները:

Վերջին օրերին մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ շուրջ մի շարք կազմակերպություններ, որոնք երթուղի են շահագործում, պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել, ընդհուպ գործադուլ կազմակերպել, եթե չլուծվի ուղեվարձի գնի բարձրացման խնդիրը: Առաջին հայացքից, այսպես կոչված, «գծատերերի» պահանջը բնական է, քանի որ, եթե թանկանում է վառելիքը, ապա պարզ տնտեսագիտության կանոններով պետք է թանկանա նաև այդ վառելիքը օգտագործողների մատուցած ծառայության ինքնարժեքը: Սակայն, արդյո՞ք Հայաստանում տնտեսությունը ենթարկվում է այդ տնտեսագիտական կանոններին: Հասարակական տրանսպորտի վարձավճարների խնդիրն, ըստ էության, կապված է ոչ միայն ու ոչ այնքան վերջերս բարձրացված գազի գնով, այլ այն սկսվում է գազալցակայանների և գծի տերերի ստացվող գերշահույթներից:

Նախ սկսենք գազալցակայաններից: Ըստ պտտվող լուրերի` լցակայանները իրենց տերերին ապահովում են գերշահույթ, իսկ գնի ցանկացած բարձրացման ժամանակ, երբ լցակալանները բարձրացնում են գինը, ըստ էության նշանակում ե, որ ամեն գնով պահպանվում է գերշահույթի ապահովումը: Հասրակական տրանսպորտի ոլորտում նույնպես խոսվում է գծատերերի գերշահույթի մասին: Գերշահույթի այդ ֆոնին աչքի է զարնում հատկապես գազով աշխատող տրանսպորտի միջոցների, մեղմ ասած, անբարվոք վիճակը և հատկապես վարորդների աշխատանքի անմարդկային պայմանները, որոնց վրա դրվում են ամենօրյա աստղաբաշխական պլաններ: Այսինքն, ստացվում է, որ փոխարեն զսպվի գազալցակայանների և գծի տերերի գերշահութային ախորժակը և դրա հաշվին պահպանվի տրանսպորտի առկա սակագները, կարող է ստացվել այնպես, որ կրկին անտեսվի հասարակության շահը և հանուն գերշահույթների պահպանման բարձրացվի հասրակական տրանսպորտից օգտվելու սակագինը: Եվ այստեղ հարց է առաջանում՝ իսկ եթե ժողովուրդը սկսի բողոքե՟լ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել