Haymedia.am-ը գրում է.

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում: Ոչինչ չասող հաղորդագրություն նրանց համար, ով չի հետևում Արցախյան հարցի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումներին: Հարկ է նշել, որ սա սովորական հանդիպում չի լինելու, քանի որ ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովի հետ այսօր կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե հույս ունի, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն հինգ նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները:
Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչպիսի ընդհանուր հայտարարություն կարող է վաղը Արցախի ժողովրդի անունից ստորագրի ՀՀ արտգործնախարարը, հստակեցնենք, որ վերջին շրջանում Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի հռետորաբանության մեջ հաճախակիորեն օգտագործվում են «փախստականների և տեղահանված անձանց վերադարձ» և «Ղարաբաղի ապագան որոշելու է ԼՂ ողջ բնակչությունը» արտահայտությունները: Բոլորիս հասկանալի է, որ խոսքը գնում է այսպես կոչված Ադրբեջանի ղարաբաղյան համայնքը Արցախ վրադարձնելու մասին: Եվ բոլորիս նույնքան հասկանալլի է, որ նույնիսկ եթե ամբողջ աշխարհասփյուռ արցախյան համայնքը վերադառնա Արցախ, Ադրբեջանը հարկադիր կարգով այնտեղ կտեղափոխի անգամներ ավելի շատ մարդ: Իսկ հիմա հիշենք, որ ոչ շատ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց Արցախում նոր անկախության հանրաքվե անցկացնելու գաղափարը և վերջին շրջանում իրականացվող մերձեցման շրջանակներում իրականացվող լրագրողների անհասկանալի փոխադարձ այցելությունները, և այս ամենի ֆոնի վրա բյուրեղի պարզությամբ գիտակցենք, թե իրականում ինչի համար էր պետք մեկ ու կես տարի ջանասիրաբար արժեզրկել Արցախի գոյամարտը և բարոյազրկել այդ գոյամարտի հերոսներին: Կասկած չկա, որ ազերիներին Արցախ վերադարձնելու այս նախագիծը իրականացնելու համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի չլինի մեկը, ով ոտքի կհանի ժողովրդին և կպայքարի դրա դեմ:
Հիմա հատուկ նրանց համար, ով պատրաստվում է մեղադրանքների տեղատարափ սկսել ՌԴ արտգործնախարար Լավրովի հասցեին՝ դուք ոչ ոքու մեղադրելու իրավունք չունեք: Եթե Հայաստանի նման պետությունը դրսրորում է դիվանագիտական խոհեմության բացարձակ բացակայություն և ՀԱՊԿ-ում իր նախագահությունը սարքում է կրկես, երբ Հայաստանի նման երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող լրագրողը իրեն թույլ է տալիս արարողակարգի աղաղակող խախտումներով չդիմավորել ՌԴ նախագահին հավուր պատշաճի, երբ Հայաստանի նման երկրի իշխանությունը հանդուրժում է իր երկրի տարածքում ռուսատյաց, հակառուսական զանազան դրսևորումները, ընդ որում՝ պետական բոլոր մակարդակներում և առհասարակ իրեն պահում է դեռահասության տարիքը չհաղթահարած պատանու նման, ապա պետք չէ սրտմտել երբ հետևանքները լինում են այսպիսի մասշտաբի:

Եզրափակելով հիշեցնենք, որ ոչ շատ վաղ անցյալում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ նա չի կարող լուծել Արցախի հիմնախնդիրը, քանի որ չունի Արցախի ժողովրդի մանդատը դա անելու համար: Բայց ավաղ վաղը Բրատիսլավայում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որը իրապես ճակատագրական կարող է լինել թե Հայաստանի և թե Արցախի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել