Հարգելի Արայիկ Հարությունյան, ես «Միս ուտողները» գրքի հեղինակն եմ։ Ինչո՞ւ եմ այսպես ներկայանում, որովհետեւ երբ կառավարությունում բաժանեցին հայ ժամանակակից գրողների գրքերը, «Միս ուտողները» Ձեզ հասավ:

Բայց ես Ձեզ չեմ հարցնելու, թե կարդացե՞լ եք արդյոք գիրքս, ես Ձեզ այլ հարց ունեմ. գիտե՞ք արդյոք, որ Ձեր ղեկավարած կառույցի դիմաց այսօր ցույց անող երիտասարդներից առնվազն երեքը Հայաստանում չի ծնվել, ապրել, մեծացել: Ավելին՝ ծնվել, ապրել, մեծացել է այնպիսի երկրում եւ միջավայրում, որտեղ հայերեն խոսելը արդեն իսկ հերոսություն էր եւ է: Եթե չգիտեք, ապա իմացեք, իսկ եթե գիտեք, ապա կարո՞ղ եք ասել, թե Դուք ինչո՞ւ չեք լսում այս երիտասարդներին, որոնք պարզապես անհանգիստ են այն լեզվի հարցով, որը ՄԱՅՐԵՆԻ է կոչվում, եւ որը սովորելը նրանց համար հերոսություն է եղել: Նկատի չունեմ հնազանդվել իմաստով, այլ բառիս բուն, ուղղակի լսում:

Շնորհակալություն: Ասեմ նաեւ, որ եթե նոր եք պատրաստվում կարդալ «Միս ուտողները», որն, ի դեպ, հրատարակվել է 2017-ին, այսինքն՝ նախկինների օրոք, ապա ամենաշատը խորհուրդ եմ տալիս կարդալ «Խաշի նախարարությունը» պատմվածքը, այն սկսվում է այսպես. «Վահան Շմավոնյանը երկու տարի շարունակ հոդված էր գրում թերթերից մեկում: Սկզբում՝ մշակութային թեմաներով, հետո, երբ հասկացավ, որ մշակույթն այնքան լուրջ չէ, որ լրջորեն հետաքրքրի մարդկանց կամ մշակույթն այնքան լուրջ է, որ հազիվ թե լրջորեն հետաքրքրի մարդկանց, որոշեց, որ պետք է գրի քաղաքական թեմաներով...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել