ZCMC Director’s Family Obtained Priority Governance over Syunik Region

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՀ Սյունիքի մարզի մարզպետի պաշտոնում առաջ քաշեց Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը: Այս մասին պարզ դարձավ հուլիսի 4-ին ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո: Վահե Հակոբյանի թեկնածությունն առաջարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վահե Հակոբյանի նշանակմամբ ավարտվում է ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի սկանդալային գործընթացը` կապված մարզպետի տան մոտ հնչած կրակոցների եւ դրան հետեւած սպանության հետ, այլեւ ավարտվում է Սյունիքում իշխող կլանների` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, ում որդին է Վահե Հակոբյանը, եւ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հակամարտությունը: Նշանակման հետ կապված ամբողջ ինտրիգը հենց նրա շուրջ էր, թե ով է լինելու Սյունիքի տերը:

Ինտրիգը ստացավ ակնկալվող արդյունքը, եթե հաշվի առնենք Մաքսիմ Հակոբյանի աճող ազդեցությունը: Ինչպես հայտնի է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման հսկայական ձեռնարկությունը, որի տնօրենն է Մաքսիմ Հակոբյանը, միլիարդների հասնող դիվիդենտներ է բերում իր սեփականատերերին: Ընդ որում, վերջին տարիներին փոքր արտադրամասերը եւ ԶՊՄԿ-ի տարբեր առանձին արտադրություններ դառնում են առանձին ընկերություններ: Դա նշանակում է, որ արդյունաբերական հսկան կախվածության մեջ է ընկնում ավելի փոքր, սպասարկող ձեռնարկություններից, որոնց փոքր բիզնես անվանել չի կարելի: Ավելի շուտ դա ընտանեկան բիզնես է:

Ի՞նչ մտահոգություն է առաջացնում Վահե Հակոբյանի նշանակումը: Նախ եւ առաջ այն, թե ինչ ուղղությամբ է նոր մարզպետը զարգացնելու Սյունիքը: Սյունիքը բարդ մարզ է, որտեղ ավելի է մեծանում շահերի բախումը էքստենսիվորեն զարգացող հանքարդյունաբերության եւ ջրային, հողային ու անտառային ռեսուրսների պահպանման, վայրի բնության, տուրիզմի զարգացման, գյուղատնտեսության զարգացման հարցերի միջեւ:

Ինչպե՞ս նոր մարզպետը կընդունի Մեղրիի բնակիչների բողոքը, ովքեր ստորագրել են Մեղրիի բնակիչների եւ Մեղրիի հարակից գյուղերի գոյության համար հսկայական ռիսկեր պարունակողնոր հանքավայրերի յուրացման դեմ բողոքի տակ:

Ինչպե՞ս նոր մարզպետը կընդունի Քաջարանց գյուղի բնակիչների բողոքը, ովքեր ԶՊՄԿ-ի ղեկավարությանը մեղադրում են հողերի օտարման մասին կառավարության անօրինական որոշման լոբբիի համար:

Ինչպես նոր մարզպետը կընդունի այն ընկերությունների գործողությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են առանց օրինական հիմքի եւ թույլտվության: Ինչպե՞ս նա կգնահատի ԶՊՄԿ-ի գործունեությունը, որը չկազմակերպեց հասարակական լսումներ արտադրության եւ արդյունահանման ծավալների ընդլայնման նախագծերի վերաբերյալ, ինչը նախատեսված է “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքով:

Եւ վերջապես, արդյո՞ք նոր մարզպետը հաշվի կառնի տեղի բնակչության եւ հասարակայնության դիրքորոշումն այն դեպքում, եթե այն չհամընկնի իր բիզնես շահի հետ: Սրանք գլխավոր հարցերն են, որոնց պատասխաններ կտրվեն շատ կարճ ժամանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել