Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշերի օրն է: Այս տոնը, հիրավի, երկակի զգացումներ է առաջացնում: Նախ ցանկացած նորմալ հայի համար հունիսի 5-ը հպարտության և պետականությունը որպես բարձրագույն արժեքի գիտակցումը խորհրդանշող օր է: Եվ երկրորդ՝ խորհրդանշականից իրականությանը նայելու լավ առիթ:
Պետականաշինության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում մենք կարողացանք ստեղծել մեր պետության կենսագործունեության համար մի շարք կարևոր ինստիտուտներ և ատրիբուտներ, սակայն այս ամբողջ ընթացքում գլխավոր հարցը եղել և մնում է այն, թե որքանով են այդ ինստիտուտները բովանդակայնին, այլ ոչ թե ձևի առումով ծառայում իրենց նպատակին: Հարց է առաջանում` որքանո՞վ է այդ նույն սահմանադրությունը պաշտպանվում այն նույն մարդկանց կողմից, որոնց պաշտպանությանն է հենց ուղղված նրա առկայությունը:
Պետականության կայացման ճանապարհը, իհարկե,  երկարատև գործընթաց է, առավել ևս, որ տվյալ հասարակության մեջ իր ազգային պետականության հետ պատմական կապը կտրված կամ աղճատված է: Երբեմն, ու շատ հաճախ, պետական պաշտոնյաներից լսում ես այն արտահայտությունը, որ պետականությունը կայանալու համար անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի հասարակությունն ընկալի այդ երևույթը, այն համարի իրենը և դրսևորի համապատասխան վերաբերմունք այդ արժեքի նկատմամբ: Համաձայնվելով այս մտքի հետ` պետք է ավելացնեմ, որ ոչ պակաս կարևոր է նույն այդ պաշտոնյայի պատշաճ վերաբերմունքը պետականությանը և նրա խորհրդանիշերին:

Հ.Գ Մեր պետականության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, համոզված եմ, ձևավորվել է մի սերունդ, որը ո´չ արևմտյան է, ո´չ արևելյան, ո´չ եվրասիական է, ո´չ եվրոպական, այլ նրա արժեհամակարգի հիմքում դրված է բացառապես հայկական պետականությունը ու նրա շահը, նա այդ պետականության կրողն է ու զարգացնողը, հետևաբար, միգուցե ժամանակն է, որ պետական պաշտոնյայի կարգավիճակում լինի այդ նույն սերունդը, որը ընդառաջ կգնա կայացած պետականության գաղափարին, այլ ոչ թե կարգելակի նրա ընթացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել