Անցյալ ամիս հեռուստացույցով դիտում էի մեքսիկական մի քաղաքից կադրեր, որում դժգոհ քաղաքացիները կանացի հագուստ էին հագցրել քաղաքապետին, ով իր նախընտրական խոստումներից և ոչ մեկը չէր կատարել: Մի քանի շաբաթ առաջ էլ մեկ այլ հոլովակ սկսեց տարածվել նույն Մեքսիկայից, որում քաղաքացիները ձիուց կապել էին քաղաքապետին ու քարշ էին տալիս այն ճանապարհով, որը քաղաքապետը խոստացել էր ասֆալտապատել ու չէր արել: Իհարկե, հեռու եմ այս մոտեցումն արդարացնելուց, բայց այդ կադրերը ստիպեցին մեկ հարց տալ․ իսկ ինչպե՞ս ենք մենք հակազդում այն պաշտոնյաներին, որոնք մեզ սարեր-ձորեր են խոստանում, հետո գնում են ու այդ ձորերում մոլորվում: Ու պատասխանս բոլոր դեպքերում մեկն է՝ ոչ մի կերպ: Ի տարբերություն մեքսիկացիների՝ հիմա մենք ներում ենք չկատարված խոստումները ու համաձայնում 500 մլն դոլար ներդրման փոխարեն կերակրվել 500 մետր երկարությամբ հեծանվային նոր ճանապարհով:

2018-ի ապրիլին մեզ խոստացան տնտեսական հեղափոխություն: Խոստացան, որ մենք լավ կապրենք, անգամ ցույց տվեցին այն մարդկանց, որոնց պատճառով մենք վատ ենք ապրում: Ու եթե անցյալ տարվա պետբյուջեն դեռ կարելի էր համարել անցումային, ու հաշտ էինք այն իրավիճակի հետ, որ կոկորդիլոսաբուծարան կառուցելը մեկ օրվա բան չէ, իսկ աննախադեպ ներգաղթն օդանավակայաններում խցանումների պատճառով ուշանում է, ապա այսօր ցավով արձանագրում ենք ոչ միայն մակրոտնտեսական գրեթե բոլոր ցուցանիշների մասով համեմատական անկում, այլև բացահայտում, որ 2020-ի բյուջեն էլ, մեղմ ասած, հեղափոխական չէ:

Ու քանի որ տնտեսական հեղափոխությունը չի լինելու, և դրա մասին գիտի հեղափոխություն խոստացողը, իշխանություններն առաջ են բերել մանիպուլյատիվ մոտեցում՝ բյուջեն բաշխելով այնպես, որ Պողոսի մոտ ստեղծվի տնտեսական հեղափոխության պատրանք: Ու քանի որ, ի տարբերություն Պողոսի, իշխանությունները գիտեն, որ, օրինակ, տնտեսության իրական հատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ նվազել են ուղիղ 5 անգամ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2018թ.-ի առաջին կիսամյակում 8.9 տոկոս էր կազմում, իսկ 2019թ.-ին կազմել է 6.5 տոկոս, ապա որոշում ենք Պողոսին կերակրել միֆով, թե ինքն սկսել է լավ ապրել:

Ու սկսում ենք 2020-ի բյուջեում ավելացնել սոցիալական ոլորտի ուղղված ծախսերը, սկսում ավելացնել առողջապահությանն ուղղված ծախսերը, բնակարանաշինությանն ուղղված ծախսերը, այսինքն՝ այն ամենն, ինչն ուղղակի կապված է ու շրջապատում է Պողոսին: Ու քանի որ եկամտային մասով հեղափոխություն նույնպես չի եղել, ավելացումներն անում ենք, օրինակ, ռազմական ծախսերի հաշվին: Այսինքն՝ կրճատում ենք ռազմական ծախսերը, չնայած ասել էինք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ու բանակցությունները դրել վտանգի տակ: Արել ենք գերռիսկային մի բան՝ գրել ենք բյուջեն՝ հույսով, որ պատերազմ չի լինի, չնայած անում ենք ամեն բան, որ պատերազմ լինի:

Դրան զուգահեռ սկսում ենք ամեն ինչ անել, որ Պողոսը հանկարծ գլխի չընկնի, որ հիմա տնտեսությունն ավելի դանդաղ է աճում, քան ատելի Սերժի ժամանակ, անում ենք ամեն ինչ, որ Պողոսը չիմանա, որ ներդրողները նման երկրներում ներդրում չեն անելու, իսկ Թանկյաններն այդպես էլ չեն գալու Հայաստանում ապրելու: Դրան զուգահեռ սկսում ենք հրապարակել խիստ ընտրված փաստեր՝ փոխվարչապետի դեմքով հայտարարելով, որ 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, կամ վարչապետի էջով հրապարակելով Իջևանից լուսանկարներ, որտեղ մեկ ամսվա համեմատ ավելի շատ լույսեր են վառվում: Իհարկե, եթե մակրոտնտեսական ցուցանիշներով տպավորել չի ստացվում, որոշում ենք Պողոսին տպավորել լույսերով: Օրինակ՝ կարելի է այս տարի ավելի մեծ տոնածառ տնկել հրապարակում ու չմոռանալ դա ներառել «նոր Հայաստանի մասին 100 փաստերի» թվում:

Ու քանի որ Պողոսը մեծ հաշվով չար է, չի ուզում՝ որևէ մեկն իրենից լավ ապրի, պողոսապետը նախարարների աշխատավարձը թաքուն է բարձրացնում, ու հարցին, թե ինչո՞ւ դա արեց, չի պատասխանում: Փոխարենը սիրով կպատասխանի, թե այդ ինչպես եղավ, որ այս տարի մրջյունները հայոց հողերում ավելի շատ փոսեր փորեցին, ու տարբեր միջազգային հարթակներում ազգությամբ ոչ հայ Պողոսներ գտնելու հույսով կպատմի իր ստեղծած դեմոկրատիայի կղզյակի մասին ու կասի՝ այդ ինչպես այդքան քայլեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել