Սարսափելի բան եղավ երկու օր առաջ. հանգամանքների բերումով մի քանի րոպե շփվեցի 1989թ. ծնված երևանաբնակ մի երիտասարդի հետ. բաց մաշկով, շեկ, Մեծ Հայքի բնակչի իսկական տեսակը,առաջին հայացքից: Մի քանի բառ ենք փոխանակել... Հետո երկար, աչքս թաց նայում էի աչքերին, խղճահարությունը խեղդում էր: Ուզում էի ապտակել, քացու տակ քցել, տևական ծեծել ու հետն էլ բացատրել, ինչ-որ բաներ բացատրել, բայց... ո՛չ ծեծեցի, ո՛չ բացատրեցի... Ամեն անցնող րոպեն ինձ համոզեց, որ ... անիմաստ է, ապարդյուն, ոչինչ չի փոխվելու. էդպես մասնակի` ոչինչ չի փոխվելու... Իր լեքսիկոնով ասած` «լենովա պետք բան փոխել»: Ամբողջությամբ դաջվածքների` սպեցիֆիկ դաջվածքների մեջ թաղված մեր տղեկը «ցելի վրա» էր: «Մաքուր կյանքով» էր ապրում: Որ մեծանա` գող դառնա. հա հա, էն «օրենքով գող» ասածից, էն, որից մեր ԶԼՄ-ներն ամենաշատն են էքստազի մեջ ընկնում: Էն, որ անխնա քարոզում են, էն, որ վաղուց որպես դասակարգ վերացել ա, բայց որ կա առաջինը ԶԼՄ-ների շնորհիվ: Էն, որ որպես իրողություն իր կենսունակությունը վաղուց սպառել է, որովհետև դրա ժամանակակից, բիզնես մոդելը վաղուց կա ու աշխատում է, բայց էս պատանյակը ու էլի իրա նման որոշները, կտրված իրականությունից, ուզում են, փափագում, երազում են մեծանալ ու դառնալ: Ու «մաքուր կյանքն» էլ էն ա, որ արդեն հասցրել են մարդ կողոպտել, զինված հարձակում, գողություն անել, ուրիշի գրպանից գումար թռցնել ու պատրաստ են էլի, էլի անել, անել ու նստել, նստել, դուրս գալ ու էլի անել ու... 
Ժամանակն է դառնալ իրատես, վերջապես հասկանալ, որ կուսակցական բազմերանգ ներկապնակն իր բաժին դրականն արել է և դրսի աչքում արդեն ապահովել բազմակարծության իլյուզիան ու արդեն ներսի համար դառել է վտանգավոր, ոմանք տարվել են այնքան, որ կորցրել են իրականության զգացողությունը` բազմակարծությունը դիտավոր անհեռատեսությամբ էսօր դարձնելով ռազմաճակատ, նեղանձնական ճակատամարտերի ռազմաճակատ:
Ժամանակն է դառնալ գրագետ ու կիրթ, կարողանալ ճիշտ հաշվել դրսի հետ տեղեկատվական պատերազմների հնարավոր ռիսկերը, արագ գրագիտանալ, որ վերլուծել մեր ամենամոտ վաղվա իմաստն ու դրան հասնելու արդյունավետ քայլերը: 
Ժամանակն է սկսել օպերատիվ ապրել` ձեռքը աշխարհաքաղաքական զարգացումների զարկերակին պահած:
Ժամանակն է մեր մեջ արթնացնել ու հղկել հասարակական գիտակցությունը, կարողանալ կողմնորոշվել պետական որ կառույցից ինչ պահանջել: Պահանջել ըստ էության, ու ամենակարևորը` ըստ էության էլ հարգել ու գնահատել: 
Ժամանակն է, որ հասարակությունը կանգնի ոստիկանության, բանակի կողքին, կողքին կանգնած պահանջի ու ստանա ակնկալածը: Մեր փոքր երկիրը` սակավ բնակչությամբ, առաջինը իր ուժայիններին կարող է ապավինել: Անձերը կապ չունեն, հասկանում եք, կառույցների մասին է խոսքը: Ժամանակն է սովորել գնահատել, դա է էվոլյուցիայի միակ արդյունավետ ճանապարհը, դա է սթափեցնելու ու մաքրելու հասարակությունը «նեղանձնական շահագրգռվածություններով ապրող» չինովնիկներից: 
Ժամանակն է, ի վերջո, ձերբազատվել բարդույթներից: 
Ժամանակն է ազգովի ինքնամաքրվել. ՄԵՆՔ ԷԼ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել