Երեխա ժամանակ զենք շատ էի սիրում։ Ավագ եղբորիցս էր այդ սերը փոխանցվել. շատ լավ նկարում էր, նամանավանդ՝ զենք։ Կռիվ-կռիվ խաղալու մասին էլ չասեմ. ամենասիրածս խաղն էր, իսկ մանկությանս տարիներին լավ հավեսով խաղում էին բոլոր բակերում։

Դպրոցում էլ միշտ ՆԶՊ դասերը շատ եմ սիրել։ Մեր դպրոցում օդամղիչ հրացան կար, ես ու ընկերս մնում էինք դասերից հետո ու մի բոլ կրակում։ Մնացած դասարանցիներիս առանձնապես չէր հետաքրքրում «տիրի հրացանը», բայց մեզ երկուսիս՝ շատ։

Դպրոց ավարտելս համընկավ պատերազմը սկսելու հետ։ Հայրենասիրական մի խմբում էի, ուր մեզ՝ ջահելներիս, մարզում էին, նաև հրաձգային պատրաստություն էինք անցնում։ Կազմակերպությունը պայմանագիր էր կնքել մասնագիտացված մի կառույցի հետ, գնում էինք իրենց հրաձգարան։ Շատ լավ մարզիչ ունեին (ավելի ճիշտ՝ Հայաստանում լավագույններից մեկը)։ Սկզբում բոլորը մեծ խանդավառությամբ էին գնում, բայց մի քանի ամսից շատերը հոգնեցին ու սկսեցին բացակայել։ Արդյունքն այն էր, որ մեր ամբողջ խմբի պարապմունքի համար նախատեսված բոլոր փամփուշտներն էլի երկուսով էինք կրակում։ Եւ այդպես մի քանի ամիս։

* * *

Այսքանն ինչի՞ հիշեցի... Հիմա կրակելն այնքան թանկ հաճույք է, որ այդպես «ինչքան սիրտս ուզի» կրակելու մասին միայն երազել կարելի է։ Արդեն քսան տարի կլինի՝ «կուշտ» կրակած չկամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել