Վերջին տարիներին Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հունիսի 26-ը՝ ադրբեջանական բանակի օրը սկսել է դիտարկել որպես ողջ աշխարհին ու հատկապես երկու հայկական հանրապետություններին նավթադոլարների առատ հոսքի հետևանքով առաջին հայացքից կարծես թե բավականին մարզված սեփական մկանները ցուցադրելու հարմար առիթ: Բանակի օրվա նախօրեին անգամ մոռացվում են լուրջ տարաձայնությունները մեծ հյուսիսային հարևանի հետ, հապշտապ կնքվում են պայմանագրեր սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ադրբեջանական բանակի համար նոր նմուշների մատակարարման վերաբերյալ, ու տենդագին շտապողականությամբ իրականացվում է դրանց ներկրումն Ադրբեջան, միայն թե հունիսի 26-ին նոր զինատեսակները հասցնեն գերագույն գլխավոր հրամանատարի խոժոռված հայացքի ներքո անցնել «Ազադլիգ» հրապարակով: Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի ելույթը իր մեջ խտացնում է ադրբեջանական ազգային մտածելակերպին հատուկ բոլոր հատկանիշներն ու առասպելները:
«Տ-90» տանկերի ու «Սոլնցեպեկ» հրանետների շարքին հետևող Իլհամ Ալիևը, ինչպես և իր ազգակիցների մեծ մասը, բոլորովին զուրկ է պատմական հիշողությունից. ով ով, բայց Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտը պետք է որ իմանա՝ պատմությունն ունի կրկնվելու՝ պարուրաձև զարգացման հատկություն, և պատմության դասերը հաշվի չառնող պետական գործիչը այդ կրկնվող պատմության պարույրներից մեկում անխուսափելիորեն կանգնում է անցյալի՝ մղձավանջի պես հարություն առած ծանր փորձությունները հաղթահարելու անհրաժեշտության առջև: ԽՍՀՄ փլուզումից հետո երբեք ուժերի հարաբերակցությունը չի եղել ի օգուտ Ադրբեջանի այնքան, որքան Արցախյան ազատամարտի տարիներին: Ի՞նչ բերեց այդ գերազանցությունը Ադրբեջանին՝ մեծ գաղտնիք չէ, բավական է նայել ԼՂՀ քարտեզին` հասկանալու համար, թե անցյալ պատերազմում ինչ իրական արժեք է ունեցել ադրբեջանական տանկերի ու հրանոթների քանակը: Պատմական հիշողության բացակայությունն էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և ժողովրդի մոտ ձևավորում է է մի շարք վտանգավոր առասպելներ:
1. Ժամանակն աշխատում է հօգուտ Ադրբեջանի՝ ուժեղացնելով նրան, իսկ Հայաստանը աստիճանաբար թուլանում է:
Ադրբեջանցիները համոզված են, որ Կասպիցի ավազանի նավթային դաշտերում է անհրաժեշտ որոնել իրենց առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը` մոռանալով, որ նավթի գները ունեն երբեմն դեպի նվազումը փոփոխվելու բավականին տհաճ հատկություն, ինչը նավթային մեծ պաշարներ ունեցող ոչ քիչ պետությունների է հասցրել սնանկացման: Հայաստանը անգամ տնտեսական դաժան շրջափակման պայմաններում զարգացնում է իր տնտեսությունը՝ Ադրբեջանի չափ կախվածության մեջ չլինելով արտաքին գործոններից:
2. Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները կարող են բերել վճռորոշ ռազմական գերազանցության և ապագա պատերազմում ապահովել Ադրբեջանի հաղթանակը:
Ադրբեջանցիները հերթական անգամ չեն ցանկանում հաշվի առնել Արցախյան պատերազմի դասերը, իսկ մասնագետի մի հայացքը ադրբեջանական զորահանդեսին բավական է հասկանալու համար, որ ադրբեջանական բանակը բնավ չի փայլում բարձր մարտունակությամբ: Շարքում ցածր կարգապահությունը, շարային պատրաստության ցածր մակարդակը վատ զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական աղետալի վիճակի առաջին ախտանիշներն են, իսկ ադրբեջանցիների մարտունակությունն ավելի իրատեսորեն գնահատելու համար բավական է ուսումնասիրել ոչ մարտական կորուստների՝ քանակի առումով պատերազմական ամփոփագիր հիշեցնող տեղեկագիրը: Ադրբեջանցիները հաշվի չեն առնում մի կարևորագույն հանգամանք ևս. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի տարբերություն այդ տարիներին անվտանգ Մոսկվայում դասավանդող ապագա գահաժառանգ Ի. Ալիևի, անմիջականորեն ղեկավարել է Արցախյան ազատամարտը և, հիանալիորեն հասկանալով հավանական մարտահրավերներն ու ռիսկերը, կարողանում է հաջողությամբ չեզոքացնել դրանք՝ ծախսելով անհամեմատ ավելի քիչ նյութական միջոցներ:
Ի վերջո՝ բանակի մարտունակության ամենից անաչառ ու դաժան գնահատողը մարտադաշտն է, ոչ թե «Ազադլիգ» հրապարակի թարմ փռված ասֆալտը: Հրադադարի բոլոր լուրջ խախտումերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չկա գեթ մի դեպք, երբ իրենց իսկ հրահրած սահմանային սադրանքի արդյունքում չտուժի ադրբեջանական կողմը:
Անհրաժեշտ է հասկանալ նաև որ պատերազմական գործողությունների արցախյան թատերաբեմի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները բացառում են միաժամանակ մեծ քանակությամբ տեխնիկա մարտի մեջ մտցնելու հնարավորությունը՝ ավելի մեծ նշանակություն վերապահելով զինվորի մարտական վարպետությանն ու ոգուն: Ինչ փույթ, թե Ադրբեջանը գնել է ևս 90 հատ տանկ, ես անձամբ գիտեմ երեք ազատամարտիկի, ովքեր պատերազմի տարիներին ընդհանուր հաշվով ոչնչացրել են 30-ից ավելի ադրբեջանական տանկեր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել