Maxinfo.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: -Փոփոխություններ նկատո՞ւմ եք Տարոն Մարգարյանի աշխատելաոճում: Ոչ մի փոփոխություն չեմ նկատել: Ընդհանրապես ցանկացած ղեկավար իր աշխատելաոճն է ունենում, և այդ ձեռագիրը վաղ ժամանակաշրջանից է գալիս: Հնարավոր է ինչ-որ գերարտակարգ դեպքի հետ կապված որոշակի շեղումներ տեղի ունենան, բայց որպես օրենք, օրինաչափություն, փոփոխություն տեղի չի ունենում: Այս կառավարումն այնքան չեմ անձնավորում, որքան նայում եմ համակարգին, որովհետև, եթե համակարգի առումով ենք վերլուծում շատ ավելի ճիշտ է, կարող է ինչ որ շեղումներ լինեն, բայց ամբողջովին համակարգից դուրս չի կարող լինել, առավել ևս մեր երկրում, որտեղ ընտրություններ են կեղծվում, որտեղ օրենքի գերակայությունը չի աշխատում: Անձը որքան էլ փորձի ինքնուրույնություն մտցնի իր աշխատանքի մեջ` շատ նեղ, սահմանափակ տարածք է լինելու, ուստի և ոչ միայն Տարոն Մարգարյանի, այլ նաև որևէ մեկի գործունեության մեջ այս ժամանակահատվածում ոչ մի փոփոխություն չենք տեսնում, ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի, ոչ որևէ նախարարի, ինչպես մեխանիզմը աշխատել է` համակարգը շարունակում է մնալ նույնը: Պարզ է, որ այն ուժը, անձը, ով գումարը վճարում է երաժշտության համար, նա էլ պատվիրում է: Այս դեպքում, ցավոք սրտի, քրեաօլիգարխիկն է մեզ մոտ, նա ընտրությունը կեղծել է, և նա էլ, բնականաբար, պետք է այդ երաժշտությունը պատվիրի: -Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության հետ խորքային համագործակցություն տեսնո՞ւմ եք: Խորքային համագործակցության համար, ըստ էության, պետք են խորքային ուղղությամբ քաղաքականությունը տանել, այսինքն այն ծրագրային հենքը, որ ունես դու և մյուս քաղաքական ուժը, չպետք է նույնը լինեն, արժեքային համակարգը և աշխատելաոճը չպետք է նույնը լինեն: Մենք ընդդիմություն ենք, իսկ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն չէ, այս առումով հեռահար, խորքային համագործակցություն չեմ տեսնում, առավել ևս, որ իրենք շատ համահունչ քվեարկություններ են իրականացնում Հանրապետական կուսակցության հետ միասին: Այս ամենը բերում է նրան, որ խորքային համագործակցությունը մի փոքր արհեստական է, բայց համագործակցել կոնկրետ խնդրի շուրջ, իհարկե, ոչ միայն չեմ բացառում, այլ նաև կողջունեմ: -Ժառանգությունը ի՞նչ մոտեցումներ է առաջարկում, որ մյուս խմբակցությունները չեն ընդունում: Կան որոշ գործընթացներ, որոնք ոչ միայն ծրագրային, այլ ընդհանրապես քաղաքական ուժերի,  միմյանց հետ պայքարի հետ կապված` մեր գործընկերները չեն աջակցում: Իհարկե դա ցավալի է, քանի որ ընդդիմադիր ուժերը պետք է ոչ թե պայքարեն միմյանց դեմ, այլ պետք է պայքարեն իշխանության դեմ: Մենք կարիք ունենք երկրում արմատական փոփոխությունների, կանգնեցնելու համար այն իրավիճակաը, որը ներկայումս կա` առկա սոցիալ-տնտեսական վիճակը, վերջին օրինակն էլ Սյունիքում էր` Սուրեն Խաչատրյանի հերթական գործողությունները: Դատապարտում եմ, և ոչ միայն, նման գործելաոճով անձնավորությունը չպետք է մարզպետ աշխատի: Մենք այլ մարզպետներ ևս ունենք, որոնց հարազատները նորմալ վարքով աչքի չեն ընկնում: Եթե ընդիմադիր կուսակցությունները ցանկանում են իրավիճակ փոխել, ինչի մասին բարձրաձայնում են, ապա ճանապարհը ակնհայտ է, խոսքը վերաբերում է իշխանափոխությանը և կառավարման նոր համակարգին անցնելուն, որը ենթադրում է սահմանադրական փոփոխություններ նաև: Իշխանությունը այնպիսի քայլեր պետք է իրականացներ,  որը երկիրը դուրս կբերեր այս իրավիճակից, ոչ թե հակառակը կխորացներ: Սա է, որ որոշակիորեն բաժանում է կուսակցություններին, համագործակցելու, աշխատելու մղումից: -Տարոն Մարգարյանի գործելաոճի շարունակության դեպքում կունենա՞նք ավելի լավ Երևան: Ո´չ, իհարկե չենք ունենա ավելի լավ Երևան: Տարիներ շարունակ ունեցել ենք քաղաքապետներ, բայց գործընթացները, որոնք ունեցել ենք Երևանում` շարունակում են մնալ նույնը: Այն համակարգը, որը բերել է իշխանության Տարոն Մարգարյանին, Գագիկ Բեգլարյանին, Երվանդ Զախարյանին` որևէ փայլատակում իրենց գործունեության մեջ չի եղել: Կարծում եմ, ավելի լավ Երևան ունենալու համար պետք է կարողանանք ավելի լավ կառավարման համակարգ ստեղծել, ինչը չունենք: Ուստի և, սպասել, թե այս կառավարման համակարգով հրաշք փոփոխություներ ենք տեսնելու` ոչ: Արդյունքում` տրանսպորտի վիճակը վատթար է լինելու, քաղաքում խցանումները նույնն են մնալու, իսկ ճանապարհների որակն էլ կրկին վատ է լինելու:

Զրուցեց` Մարգարիտա Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել