Երեկ իր մամուլի ասուլիսում Ահարոն Ադիբեկյանը մի շարք տպավորիչ հայտարարություններով է հանդես եկել` ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի: Նախ, սկզբում նա նշում էր, որ չի հավատում, որ Տիգրան Սարգսյանը խառնված լիներ այս օֆշորային խնդիրներին, քանի որ նրա նկարագիրը թույլ չի տալիս դա: Հետո, ասուլիսի ընթացքում, երբ մթնոլորտը փոխվեց, նա գրեթե 180 աստիճան տարբերվող հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ հայաստանյան ցանկացած քաղաքական գործիչ կարող է օֆշորում ընկերություն ունենալ: 
Հետաքրքիր է, որ իրեն սոցիոլոգ համարող մարդը այսպիսի գնահատականներով է հանդես գալիս, մինչդեռ, գոնե ֆորմալ տեսանկյունից Ադիբեկյանը գոնե պետք է չեզոք դիրք գրավեր եւ խոսեր ոչ թե իր հավատքից, այլ այն մասին, թե այս ամենից հետո քանի մարդ է Հայաստանում վստահում Տիգրան Սարգսյանին:
Սակայն նա այդ հարցում գերադասում է լռել եւ սոցիոլոգին ոչ բնորոշ էմոցիոնալ պաթոսով պաշտպանել վարչապետին: Իսկ սա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են փչացած մեր բարքերը, որ սոցիոլոգը, ով միշտ իշխանություններին հաճո թվեր է ներկայացնում եւ գոնե արտաքուստ իրեն պետք է անաչառ պահեր, այսօր այն եզակիներից է, ով հետեւողականորեն պաշտպանում է Տիգրան Սարգսյանին այս «օֆշորային» խայտառակությունից: 
Ի՞նչ ծանր վիճակում է հայտնվել Տիգրան Սարգսյանը, որ նույնիսկ Բաղրամյան 26-ի տակ աշխատող լրատվամիջոցներն ու վերլուծաբաններն են խոստովանում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի ժամանակն արդեն եկել է: Դրա մասին խոսում են նաեւ իշխանական կուլիսներում:
Եվ, ընդամենը իշխանության «ֆրոնտ-օֆիսի» մի քանի ներկայացուցիչներն են պաշտպանում Տիգրան Սարգսյանին, եւ որոնց շարքն է փորձում համալրել նաեւ Ահարոն Ադիբեկյանը:
Իսկապես, այս իրավիճակում դժվար է նախանձել Տիգրան Սարգսյանին: 
Դավիթ Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել