Հիմա կեսօր է, բայց ինձ թվում է, թե գիշեր է, ու կայծակը, նյարդային ջղաձգումներ անելով, գալարվում է երկնքի վրա: Չնայած արևին` ես զգում եմ, թե ինչպես է զայրացած անձրևը ճեղքում մոխրագույն երկինքն ու ցատկոտում մարմնիս վրա: Երկու րոպե առաջ եղածն արդեն անցյալ է, այն, ինչ այժմ ապառնի է, շուտով ներկա կդառնա, իսկ հիման ամենաանսանձ ու անիրական ժամանակաշրջանն է:

Ես գիտեի, որ այս հիման վաղ, թե ուշ գալու է: Դու նստած ես կողքիս: Առանձնապես կարևոր գործ չես անում, ուղղակի անիմաստ խոսում ես, ինքդ էլ չգիտես, թե ինչի կամ ում մասին: Բոլորն այնքան ուշադիր են քեզ լսում, որ ինձ թվում է, թե սխալվում եմ, ու քո ասածն իսկապես կարևոր է:
Առանց խոսքի, աչքերիդ նայելով ուզում եմ ոչ թե պարզապես տեսնել, այլև գտնել քեզ, բայց չի հաջողվում, երևի, երբեք էլ չի հաջողվի, որովհետև ինքդ քեզ ես կորցրել ու չես ուզում գտնվել:
Մեզ ընդամենը 2 աթոռ է բաժանում, բայց ինձ թվում է, որ շատ հեռու ես. չեմ ուզում զգալ այդ հեռավորությունը, բայց այլևս առաջին քայլն անելու ուժ չունեմ:
Կարոտել եմ քեզ ու երբ նայում եմ նրան, ինչով հիմա ներկայանում ես, և ինչն այժմ քո ե-ն է համարվում, ավելի եմ կարոտում: Եթե մի քայլ անեմ ու քեզ մոտենամ, ավելի պարզ կտեսնեմ նրան, ով դու չես, ու ավելի շատ կկարոտեմ քեզ. որքան հեռու լինեմ, այնքան ավելի ուշ կջնջվես իմ կյանքից, այնքան ավելի ուշ կկորցնեմ քեզ:
Մեր միջև չասված խոսքերի պատնեշ է գոյացել: Այնքան բան կա քեզ ասելու, այնքան հարցեր են սպասում իրենց պատասխաններին, բայց այլևս անիմաստ է խոսել, որոնք այլևս արժեք չունեն ո՛չ ինձ, ո՛չ քեզ համար: Գուցե ես ուղղակի հոգնել եմ անիմաստ խոսելուց, ինչ-որ բան փոխել փորձելուց, գուցե եղած-չեղածը ներս գցելով լռելն ավելի ճիշտ է:
Հիմա քեզ թվում է, որ ամեն ինչ կարգին է, որովհետև երեսիս գծված երկու գիծը արհեստականորեն վեր է բարձրացված. սա կոչվում է ժպտալ: Բավական է, որ մի վայրկյան հոգնեմ այս ծամածռությունից, ու դու սեփական շահերից ելնելով կխնդրես, որ հանգստանամ, ու կհիշեցնես, որ ամեն ինչ նորմալ է: Բնավ քեզ չեմ մեղադրում, երևի հեշտ չէ ինձ նման մեկի հետ, ով ամեն ինչ բարդացնում ու ծանր է տանում, ով չափից շատ է սիրում ու չափից շատ ավելի շատ մտածում, ավելի լավ է հենց սկզբից դրոշմել նորմալի պիտակն ու ավարտել այն, ինչ դեռ նոր պիտի սկսեր: Հիմա ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես, միշտ ամեն ինչ նորմալ է բոլորի մոտ, դրա համար էլ նորմալի կաղապարից ցանկացած շեղում անննորմալ է:
Հիմա երկուսս էլ լուռ ենք, թեև ասելու շատ բան կա:
Հիմա մեկս ոչնչացնում է հիման` սպանելով հետոն, իսկ մյուսս հետևում է նրա օրինակին:
Հիմա երկու հիմար վախենում են խոստովանել, որ կարևոր են միմյանց համար:
Հիմա ես փորձում եմ քեզ նման մտածել` նախ ուղեղով, հետո սրտով, ու դառնալ շարքային մարդ-մեքենա: Հիմա աշխարհի հիման մեքենայացված է: Մարդիկ իրենց մեքենայական սկզբունքներով ոչնչացնում են կարևոր արժեքները: Ես ու դու էլ հետ չենք մնում ժամանակի մեքենայացված ճշտից ու փորձում ենք մյուսներից հետ չմնալ` ինքներս մեզ ոչնչացնելով:
Հիմա մենք ուղղակի բաց ենք թողնում միմյանց, թուլամորթների պես հանձնվում ինքներս էլ չգիտենք, թե ում կամ ինչին:
Հիմա մեզնից մեկը ազատ է, մյուսը` անկախ: Աշխարհն ուրիշ գույների մեջ է հիմա: Քո հիման առանց ինձ է, իմն էլ` առանց քեզ:
Դեռ կեսօր է, դու դեռ շարունակում ես խոսել` երկու աթոռ այն կողմ նստած, բայց հիմա մեր հիմաներն ուրիշ են, մեզ համար նոր հիմա է սկսվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել