ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտին մոտեցող “Դատաիրավական բարեփոխումներ” ծրագրի շրջանակում  համագործակցությանն առնչվող  հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել  ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայության զարգացման ճանապարհին մեծ է Համաշխարհային բանկի ներդրումը, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն  իրականացվում է  էլեկտրոնային եղանակով:

«Ծրագիրը բավական արդյունավետ է, և կարող ենք արձանագրել, որ Ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական  տեխնոլոգիաների  ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող «երկարաձգված» վարույթների քանակը նույնպես կրճատվել է»,- նշել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով   ՀԲ-ին՝ Ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:

Ըստ նրա՝ օրեցօր ի հայտ եկող խնդիրները պահանջում են  նոր լուծումներ, ուստի  Ծառայությունը փնտրում և կիրառում է նոր գործիքներ՝ աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու, հասարակությանն ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու համար:

Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ «էլեկտրոնային վարույթ» ծրագիրը Ծառայությունում  առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան  հետագա քայլերը:

Դավիթ Մելիքյանը բարձր է գնահատել ՀԲ-ի  և ԴԱՀԿ-ի  համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ  արդյունքները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ Ծառայությունը որդեգրել է զարգացման ճկուն ռազամավարություն, այն է՝ ներդնելով միջազգային համանուն  կառույցների հաջողված փորձը, և թե՛  ժամանակի, թե օրվա հրամայականով լուծում տալ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում Միհրան Պողոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև  վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Դեվիդ Բեռնշտեյնը գոհունակություն է հայտնել Ծառայությունում «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի  ԴԱՀԿ  ծառայության փորձը ուսանելի ու պիտանի կլինի  այլ  երկրի համար:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել