Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 2-րդ)ԲԵՆՋԱՄԵՆ ՖՐԱՆԿԼԻՆ (1706-1790)
Ամերիկացի պետական գործիչ, երիտասարդ տարիներին հիմնադրել է «Փենսիլվանիայի թերթը», Ֆիլադելֆիայում բացել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին հանրային գրադարանը: 1728 թ. հրապարակել է «Հավատի ու կրոնի մասին» աշխատությունը` շարադրելով իր հայացքները կրոնի վերաբերյալ, որոնք վառ արտահայտված գնոստիկ երանգավորում ունեին: 22-ամյա Բենջամեն Ֆրանկլինը գրում էր. «Հավատում եմ, որ կա բացարձակ կատարյալ Բարձրագույն էություն, ում մտահղացմամբ ու ստեղծագործությամբ ծնվել են աստվածները: Հավատում եմ, որ մարդն ամենակատարյալ արարածը չէ` լինելով ընդամենը արարածներից մեկը: Մարդուց ցածր բազում արարածներ կան, որ գտնվում են զարգացման ստորին մակարդակների վրա: Բայց մարդուց բարձր էլ կան ոչ քիչ նրան գերազանցող մակարդակներ: Երևակայությունս ինձ դուրս է բերում մեր մոլորակների համակարգից, անշարժ աստղերից անդին տարածությունը, որը բոլոր չափումներով անվերջ է ու լի այնպիսի արևներով, ինչպես մերն է, և յուրաքանչյուրը շրջապատված է աշխարհների խմբապարով, որ հավերժորեն պտտվում են իրենց լուսատուի շուրջը: Երևակայությունս հուշում է, որ Հավերժությունը ստեղծել է բազմաթիվ և մարդու համեմատությամբ բարձրագույն արարածներ, ովքեր ի զորու են ընկալել իր կատարելությունն ավելի լավ, քան կարողանում են մենք` մարդիկս... Գուցե նրանք` Հավերժության ստեղծած արարածները, անմահ են: Գուցե նրանք փոփոխվում են ժամանակի երկարությամբ վիթխարի փուլերում միայն և նրանց փոխարեն գալիս են ուրիշները: Բայց ինձ թվում է, որ նրանցից յուրաքանչյուրը չի կարող չլինել անսովոր իմաստուն, բարի ու հզոր: Յուրաքանչյուրն իր համար ստեղծել է լուսատու արև ու շրջապատել նրան մոլորակների հրաշալի ու հիացմունքի արժանի համակարգով: Հենց նրան, իմ սեփական աստծուն եմ ես ուզում երկրպագել»: 
1731 թ. Բենջամեն Ֆրանկլինն ընդունվել է Ֆիլադելֆիայի սուրբ Հովհաննես Լոժան: Նրա մասոնական կարիերան սրըթաց էր: 1734 թ. նա դարձել է Փենսիլվանիայի նահանգային մեծ լոժայի Վարպետ, որ անմիջապես ենթարկվում էր Անգլիայի Մեծ լոժային: Նույն թվականին Ֆրանկլինը առաջին անգամ ամերիկյան գաղութներում սեփական տպարանում հրապարակել է Անդերսոնի մասոնական «Կանոնադրությունները»: 18-րդ դարի 40-ական թթ. երկրորդ կեսին նա իրեն նվիրել է էլեկտրականության ուսումնասիրմանը և հայտնագործել է շանթարգելը: 1751 թ. Ֆրանկլինը ընտրվել է Փենսիլվանիայի պատգամավոր, այդ ժամանակից նրա քաղաքական-դիվանագիտական գործունեությունը չի ընդհատվել: Նա դարձել է անկախության առաջնորդներից մեկը: 1776 թ. Ջեֆերսոնի հետ նա աշխատել է «Անկախության հռչակագրի» վրա, ղեկավարել է ռազմական գործողությունները, եղել է ապստամբների արտաքին գործերի նախարարը: Այդ պաշտոնում էլ Ֆրանկլինը ստորագրել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև համաձայնագիրը, երկիր, որտեղ նա եղել է բազմիցս և ընդունվել մասոնական բոլոր պատիվներով: 1778 թ. Բենջամեն Ֆրանկլինը ներկա է եղել Վոլտերին մասոն ձեռնադրելու արարողությանը, իսկ մի քանի ամսից կատարել է ֆրասիացի մեծ փիլիսոփայի հուղարկավորության մասոնական ծիսակարգը: Երկու տարի` 1779-1781 թթ. Բենջամեն Ֆրանկլինը եղել է «Ինը քույրեր» մասոնական լոժայի Հարգարժան Վարպետ: Ֆրանսիայի մասոնական շատ լոժաներ նրան ընտրել են իրենց պատվավոր անդամ: Ֆրանկլինը պայքարել է ստրկատիրության դեմ, երիտասարդ բանվորների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով ստեղծվելիք դպրոցների համար ֆինանսական պատկառելի միջոցներ է կտակել: Իր «Ինքնակենսագրության» մեջ Ֆրանկլինը մասոնականության մասին բաց չի գրում, միայն հիշատակում է «Միասնություն» ակումբի գործունեության մասին, որի նպատակը իր անդամների մշակութային մակարդակի բարձրացումն ու փոխաջակցությունն էր:

ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ (1732-1799)
Ջորջ Վաշինգտոնը եղել է Գաղութարարների բանակի առաջին բարձրագույն հրամանատարը անկախության համար պատերազմում (1755 թ.), ԱՄՆ-ի առաջին նախագահը (1789 թ.): Մասոն նա դարձել է 1752 թ. նոյեմբերի 4-ին Ֆեդերիկսբուրգի լոժայում: 1788 թվականից մինչև մահը եղել է «Ալեքսանդրիայի» լոժայի Հարգարժան վարպետ: «Մասոնական մտքի գանձարան» անթոլոգիայում տպագրվել է մի հատված Ջորջ Վաշինգտոնի երկից, որտեղ նա ընդգծում է, որ մասոնների առանձին անդամների վարքագիծը, ինչպես օրդենի գործունեությունը ներկայացնող հրապարակումների բովանդակությունը, պետք է մեկ նպատակ ունենան` «համոզել մարդկությանը, որ մեծագույն խնդիրը, որ լուծում են մասոնները, մարդային ամբողջ ցեղի համար երջանկության հասնելու ճանապարհի որոնումն է»:

ԳՈՏՀՈԼԴ ԷՖՐԱԻՄ ԼԵՍԻՆԳ (1729-1781)
Բանասեր և փիլիսոփա, Համբուրգի «Երեք ոսկե վարդ» լոժայի անդամ, մասոն է դարձել 1771 թ.: Լեսինգը զբաղվել է բանաստեղծական արվեստի և գեղարվեստական ստեղծագործության էության և իմաստի ուսումնասիրմամբ, համարվում է գերմանական դասական գրականության հիմնադիրը: «Լաոկոոնում» (1766) մշակել է գեղանկարչության և պոեզիայի գեղագիտության սկզբունքները` համապատասխանաբար վերագրելով «մարմիններին» ու «արարքներին»: Կրոնի ասպարեզում հետազոտական աշխատանքների արդյունքում Լեսինգը մշակել է պանթեիստական ուսմունք, թեպետ հանուն արդարության պետք է ասել, որ նրան, իբրև մտածողի, խորթ են վարդապետական գծակարգերը և վաղօրոք հաստատված ճշմարտությունները: Նա նույնացնում է «ճշմարտություն» և «ճշմարտության որոնում» հասկացությունները: Հայտնի է Լեսինգի նշանավոր արտահայտությունը, որ եթե Աստված աջ ձեռքում ունենար ճշմարտությունը, իսկ ձախ ձեռքում` ցուցումը, թե որ ուղղությամբ այդ ճշմարտությունը որոնել, ինքը կընտրեր որոնումը, որովհետև մաքուր ճշմարտությունը միայն Աստծո համար է: Լեսինգը գտնում էր, որ պատմությունը «առաջադիմական կարգ» է, յուրատեսակ մարզասրահ, որտեղ մարդը կարող է կատարելագործել իր ընդունակությունները: Ըստ Լեսինգի` պատմության մեջ գլխավորը մարդկային ցեղի դաստիարակությունն է: Կրոնական բացահայտումները կատարվում են դաստիարակության ընթացքում: Հին և Նոր Կտակարանների տարբերությունները ցույց են տալիս, թե ինչպես է իրեն դրսևորում կրոնը մարդկության պատմության փուլերի հերթագայության և առաջանցիկ զարգացման ընթացքում: «Մարդկային ցեղի դաստիարակությունը» /1780/ երկում գերմանացի փիլիսոփան կանխատեսում է Նոր Կտարակարանի ժամանակը` Հավերժական գրքի, որ խոստացված է մարդկությանը: Լեսինգը գտնում էր, որ մարդկությունը շարժվում է դեպի «կատարելության դարաշրջան», երբ մարդը բարիք է գործելու հանուն բարիքի, այլ ոչ թե հանուն խրախուսման, ինչպես եղել է անցյալում` մարդկային հարկադրանքով: 1778-1780 թթ. Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգը գրում է «Gesprache fur Freimaurer» հիմնարար աշխատությունը, որտեղ քննադատում է մասոնների գերմանական լոժաներին, ուր բնակալել են ժամանակակից կյանքի բոլոր արատները` նորտամպլիերների ֆանտաստիկ մտահանգումները և անդասակարգ հասարակության մասին բարբաջանքները: Նա մասոնների գլխավոր գործ համարում է ճշմարտության ազատ, էզոթերիկ որոնումի ապահովումը:

ՎՈԼՖԳԱՆԳ ԱՄԱԴԵՅ ՄՈՑԱՐՏ (1756-1791)
Հանճարեղ կոմպոզիտոր, անգերազանց գործիքային և վոկալ երաժշտության հեղինակ: Մոցարտը բարձունքների է հասել երաժշտարվեստի բոլոր ժանրերում` անմահություն բերելով իր անվանը: Հիշեցնեմ միայն դաշնամուրի համար d-mol (К 466) կոնցերտը նվագախմբի հետ, սիմֆոնիաները, «Դոն Ժուան» և «Կախարդական ֆլեյտա» օպերաները, «Ռեքվիեմը»: Մոցարտը մասոն է ձեռնադրվել Վիեննայում, 1784 թ. դեկտեմբերի 14-ին «Բարեգործություն» լոժայում: Մոցարտը մասոնական երաժշտություն է գրել, որը հնչում է լոժաներում մասոնական ծիսակարգերի կատարման ժամանակ: Ամենանշանավոր ստեղծագործությունը համարվում է «Մասոնական սգո երաժշտությունը» (Maurerische Trauer-musik, c-mol, К 477), որ գրվել է մասոնական եղբայրներ կոմս Ֆրանց Էստերգազի ֆոն Տալանտի և հերցոգ Գեորգ Ավգուստ ֆոն Մեկլենբուրգ-Շտրելիցի մահվան առիթով: Այս երկը զալցբուրգցի հանճարի ստեղծագործության մեջ հատուկ տեղ ունի իր հաստատուն և հստակ կառուցվածքով, անսովոր գործիքավորմամբ, որ հավասարը չունի նորարարությամբ և ճաշակով, քայլերգային թեմայի հանդիսավորությամբ, որ հանգուցված է կենտրոնական առանցքի` գրիգորյան երգեցողության շուրջ: Այս երաժշտությունը հագեցած է ռոմանտիկ տրտմության զգացումով, որ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման ճանապարհը կանխորոշել է շատ վաղուց: Ուզում եմ հիշատակել մասոնական ևս մեկ մեծագույն ստեղծագործություն` «Laut Verkiinde umsere freude» կանտատը: Մոցարտի կինը` Կոնստանցան, հիշում է, որ ամուսնու առողջության ժամանակավոր բարելավումը 1791 թ. նոյեմբերի կեսին հնարավորություն է տվել դիրիժորություն անել կանտատի կատարմանը: Կանտատի վերջին տողերը գրվել են Հավերժական Արևելք անցումի նախօրեին, «Հույս» մասոնական լոժայի հավաքի ժամանակ: Կանտատի տեքստը հեղինակել է մասոն Շիկանդերը` «Կախարդական սրինգի» լիբրետոյի հեղինակը, օպերա, որտեղ եգիպտական գաղտնիքների էկզոտիկայի տակ թաքնված է բուն մասոնական ոգեշնչումը: Չափազանցություն չէ ասել, որ մասոնական գաղտնիքներին հաղորդակից արվեստագետների մեջ Մոցարտն ամենաաստվածաներշնչվածն էր և բոլորից շատ է մարդկությանը վեհացրել իր վարպետությամբ:

 Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Նյութի առաջին մասը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել