Այն, որ Հայաստանում ամեն ինչ քվոտավորված է, բոլորին է հայտնի: Եթե դու ցանկանաս Հայաստանում որևէ բիզնես սկսել, ապա սկզբի համար գուցե ինչ-որ բան հաջողվի, սակայն, երբ բիզնեսդ մի հրաշքով կարողանաս ընդլայնել, ապա այստեղ արդեն խնդիր կունենաս, քանզի արդեն կհավակնես մտնել մի տարածք, որը շատ վաղուց սեփական տերը և տնօրենը ունի: Չէ´, այնպես չէ, որ դու չես կարող մուտք գործել այդ տարածք, պարզապես այնտեղ մտնելու համար քեզ կառաջարկվի հետևյալ «գործարքը». մենք «փայ» ենք մտնելու քո բիզնեսում, փոխարենը քեզ թույլ ենք տալիս` բիզնեսդ ընդլայնես, իսկ, եթե բիզնեսդ իրենից բավականին հետաքրքրություն է ներկայացնում, ապա քո կարծիքը կարող է հարցնող էլ չլինի՝ «սա մերն է ու վերջ»: Սա Հայաստանի տնտեսական համակարգի փիլիսոփայությունն է: Այս իրավիճակի համար, միգուցե տեսականորեն, եթե շատ ցանկանաս, կարողանաս ինչ-որ բացատրություն գտնել, բայց արի ու տես, որ Հայաստանում ոչ միայն քվոտավորված է բիզնեսը, այլև սպորտը և հնարավոր է ոչ միայն փայ մտնել բիզնեսի, այլև մարդու տաղանդի մեջ: 
Այն, որ Հայաստանում սպորտը նույնպես ենթարկվում է այսպես կոչված «օլիգարխիայի երկաթյա օրենքին», բոլորին հայտնի է: Հայտնի է, թե սպորտի որ ոլորտը որ օլիգարխի սեփականության ոլորտում է և երբեմն սպորտի տվյալ ոլորտի ինչ-որ հաջողություններ օգտագործվում են ավելի շատ այդ ոլորտը «կուռացիա» անողի PR ակցիայի համար: Եվ այսօր այն, ինչ կատարվում է Հենոյի հետ և Հենոյի շուրջ, հայաստանյան օլիգարխիկ տնտեսության պրոեկցիան է այս անգամ սպորտում, ավելին` Հենրիխ Մխիթարյան տաղանդավոր հայի պրոֆեսիոնալ, ինչու ոչ նաև անձնական կյանքում:
Եթե ինչ-որ մեկին թվում է, որ Հենրիխ Մխիթարյանին ժամանակին մեծ լավություն է արել ու այսօր իրավունք ունի վարվել նրա տաղանդի հետ այնպես, ինչպես կամենում է, ապա չարաչար սխալվում է: Մամուլում հրապարակված լուրերը, որ Հենրիխի տրանսֆերը ձախողվել է, քանզի Ռուբեն Հայրապետյանին և «Մետալուրգ» ֆուտբոլային թիմի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին են պատկանում Հենրիխի տրանսֆերի 50%-ը, իսկ նրանք չեն ցանկանում հրաժարվել այդ փայաբաժնից, պարզապես շոկ առաջացրեցին հայ հանրության մոտ: Ճիշտ է, Օլեգ Մկրտչյանը հետագայում ժխտեց Հայրապետյանի բաժնեմասի մասին լուրը, սակայն, ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ մութ պատմություն կա: Եվ եթե նույնիսկ Ռուբեն Հայրապետյանը բաժնեմաս չունի Հենրիխի տրանսֆերում, ապա նա բարոյական իրավունք ուներ, նաև ի պաշտոնե, պահանջել Օլեգ Մկրտչյանից բաց թողնել Հենրիխին, քանզի այս ֆուտբոլիստը ոչ միայն ուկրաինական, այլև հայկական ֆուտբոլի նորօրյա խորհրդանիշն ու ապագան է: Մի տաղանդավոր ֆուտբոլիստի օրինակ, որը կարող է վարակիչ լինել գալիք սերունդների համար: Հենրիխին սեփականատիրական աչքերով նայող մարդկանց պետք է ասել, որ Հենրիխ Մխիթարյանի «տրանսֆերը» պատկանում է ո´չ Ռուբեն Հայրապետյանին, ո´չ Օլեգ Մկրտչյանին և ո´չ էլ «Շախտյորին»: Նրա տրանսֆերը պատկանում է հայ ազգին: Հենրիխ Մխիթարյան անուն-ազգանունը այլևս ասոցացվում է հայ ազգի հպարտության ու տաղանդի հետ, ոչ մի օլիգարխ, անկախ իր դիրքից, չի կարող «փայ» մտնել մի ամբողջ ազգի 50%-ի մեջ: Բաց թողեք Հենոյին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել